Փետրվարի 29-ին Նոր Նորքի Մոլդովական-12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում փետրվարի 29-ին մեծ քանակությամբ զենք զինամթերքի հայտնաբարման գործով ձերբակալված Նոր Նորքի ուսանողական հանրակացարանի 47-ամյա պարետ, դաշնակցական Արշավիր Կարապետյանն, NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ազատ է արձակվել, իսկ գործը կասեցվել է:
Պարզվել է, որ զինամթերքը պատկանում են մեկ այլ անձի, ում գտնվելու վայրը հայտնի չէ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր Նորքում հայտնաբերված ապօրինի զինանոցի փաստով քրեական գործի նախաքննությունը գլխավոր դատախազությունը «քննության օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով» հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը: Գործով ձերբակալված էր միայն Նոր Նորքի ուսանողական հանրակացարանի 47-ամյա պարետ, դաշնակցական Արշավիր Կարապետյանը, ում պատկանող շինությունում էր հայտնաբերվել ոստիկանության բնորոշմամբ` աննախադեպ այդ զինանոցը: Զինանոցը պահելու մեջ կասկածվող շարքային դաշնակցական Արշավիր Կարապետյանը, ըստ ՀՅԴ-ի, Ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Ոստիկանությունը չեր մեկնաբանում մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե Կարապետյանի մոտ այդ զենք- զինամթերքը մնացած է եղել պատերազմից, տարիներ շարունակ հողի տակ պահված է եղել եւ նշված վայր է տեղափոխվել օրերս: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցել էին, որ իրենք իրավասու չեն նման հարցերի պատասխանել, քանի որ գործը նախաքննության փուլում է: Նույն հիմնավորումն է ներկայացրել նաեւ Պաշտպանության նախարարությունը:
Ինչ վերաբերում է զինանոցը հայտնաբերելու քաղաքական դրդապատճառներին, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը բացասական էր պատասխանել այն դիտարկմանը, թե արդյոք դրա հայտնաբերման պատճառը փետրվարի 27-ին, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությունը չէր այն մասին, որ ՀՅԴ-ն իշխանություններին ազատ ընտրություններ պարտադրելու նպատակով կամավորներ է հավաքագրում: «Չէ, բացարձակ: Նմանատիպ բան չկա», - ասել էր Նազարյանը:
Դաշնակցական Հրանտ Մարգարյանը հայտնել էր նաեւ, որ սպասում է նախաքննության արդյունքներին, բայց առայժմ կապ չի տեսնում իր հայտարարության եւ զինանոցի հայտնաբերման միջեւ:
Հիշեցնենք նաեւ, որ Մոլդովական 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում փետրվարի 29-ին հայտնաբերվել էին տասնյակ ինքնաձիգեր, 5000-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ, 1 պարկ պայթուցիչ, դիպուկահար հրացան, գնդացիրներ, նռնականետեր, հակատանկային նշանակետի հրթիռներ, հակատանկային նռնակ, մարդու ուրվապատկերով մոտ երեք տասնյակ թիրախներ եւ այլն: Ոստիկանության բնորոշմամբ, այդ մարտական տեխնիկայով հնարավոր կլիներ զինել մի ամբողջ գումարտակ:
Զինանոցը հայտնաբերվել էր օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարված խուզարկության արդյունքում` անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ: Հայտնաբերվածը ուղարկվել էր փորձաքննության: Իսկ Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդված 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:




























