Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանում հուլիսի 22-ին ժամը 12.40-ին հնչած կրակոցների դեպքի մասին, որի հետեւանքով ձախ ոտքի հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել 52-ամյա Ռուստամ Արաբյանը:
Այսպես, ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հուլիսի 22-ին, ժամը 12.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Բազալտ» գործարանի տարածքից ոտքի հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա Ռուստամ Ա.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է 9 մմ տրամաչափի 3 փամփուշտի պարկուճ եւ 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ: Պարզվել է, որ «Բազալտ» գործարանի տարածքում գտնվող ավտովերանորոգման կետում ծագած վիճաբանության ժամանակ Ռուստամ Ա.-ին իրենց մոտ եղած ատրճանակներով հրազենային վնասվածքները պատճառել են 26ա-մյա Լեւոն Շ.-ն եւ 36-ամյա Գնել Խ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ Լեւոն Շ.-ին եւ Գնել Խ.-ին ու հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակները հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում երեկ` հուլիսի 22-ին ժամը 12,40-ին հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ հուլիսի 22–ին ժամը 12,40-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Նոր Նորքի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա Ռուստամ Արաբյանը: Օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է 9 մմ տրամաչափի փամփուշի 3 պարկուճ եւ 7,62 մմ տրամաչափի մեկ փամփուշ: Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողը ի վիճակի չի եղել բացատրություն տալ, կատարվում է նախաքննություն:
Մեր տեղեկություններով` Արաբյանի եւ մի քանի հոգու միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով վիճաբանողները կրակոց են արձակել: Իսկ վիճաբանողները, ըստ տեղեկությունների, ՀՀ Գլխավոր դատախազության նախկին դատախազ Լեռնիկ Շահբազյանի որդիներն ու նրանց ընկերներն են:




























