2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 332 ահազանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 65 կանչի փոխարեն: Նշված դեպքերից միայն 315-ում է հրդեհ բռնկվել, մնացածը եղել են կեղծ ահազանգեր ու վերահսկվող հրդեհներ: ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության պետ, ՓԾ գնդապետ Հրաչ Անտոնյանի տրամադրած տվյալների համաձայն, հրդեհների գերակշռող մասը` 242 դեպքը, եղել են անտառային տարածքներում` մոտ 1220 հա եւ չոր խոտածածկույթներում, մոտ 243.000 քմ (անտառային` 106 դեպք, չոր խոտածածկույթները՝ 136 դեպք): Հրդեհների 11 դեպք ծագել է բնակելի շինություններում 62 այլ վայրերում:

Մարզային փրկարարական վարչության կողմից արված վերլուծությունները ցույց են տալիս, որ որ 2012 թվականի 1-ին կիսամյակում հրդեհներն աճել են 254-ով, որից 159-ը եղել է միայն ապրիլի ընթացքում, (63-ը անտառային եւ 72-ը խոտածածկ տարածքներում, ինչին նպաստող պայմաններ են հանդիսացել առանց տեղումների չոր եւ շոգ եղանակները:

«Այստեղ ցանկանում եմ նշել, որ տարեց տարի ավելացող դեպքերը բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում մեզ համար: Վնասների չափերի մասին պատկերացում կազմելու համար նշում եմ` միայն մեկ դեպքում ոչնչացվեցին մոտ 20.000 հատ տնկիներ, համաձայն մասնագետների կանխատեսումների ի սպառ վերանում են կենդանիների եւ բուսականության որոշ տեսակներ: Երկու անգամ կրակը անցավ Վրաստանի հանրապետության տարածք»,-ասաց նա, հարց բարձրացնելով, թե մինչեւ երբ են շարունակվելու նման դեպքերը, եւ ով է պատասխան տալու այս ամենի համար:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի