Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին հուլիսի 30-ին տեղափոխել են «Միքայելյան» վիրաբուժության կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը`
Նրան առաջիկա 2-3 օրերին պետք է վիրահատեն, իսկ մինչ այդ պետք է անցնի անհրաժեշտ հետազոտություններ: Այս անգամ գոյացություն է առաջացել պորտի շրջանում, մեծ հավանականությամբ` չարորակ: Սակայն, վիրահատությունից հետո վերջնական կարող են ասել, թե գոյացությունը չարորա՞կ է, թե՞ բարորակ:
Օնիկ Մելքոնյանի խոսքով` Սերոբ Տեր-Պողոսյանի կյանքին վտանգ չի սպառնում, պարզապես կարող է մետաստազ լինել:
Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: 70-ամյա գործարարը մեղադրվում է մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է:
Դրանից հետո մանկապիղծը հունվարի 26-ից վիրահատվելու նպատակով ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Նա երկու տարի առաջ ԱՄՆ-ում վիրահատվել էր հաստ աղիքի ուռուցքի հետ կապված, սակայն նույն հատվածում նորից գոյացություն էր առաջացել: Այս անգամ եւս Հայաստանում նրան վիրահատել են` հաստ աղիքի չարորակ ուռուցք ունենալու կապակցությամբ: Սերոբ Տեր-Պողոսյանը փետրվարի 13-ի վիրահատությունից հետո մարտի 28-ի առավոտյան, վերջապես դուրս էր գրվել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից:


























