Ոռոգման ջրի դիմաց գումարները գանձելիս ջրօգտագործող ընկերությունները (ՋՕԸ) պետք է գյուղացիներին ՀԴՄ կտրոն տրամադրեն: Նման առաջարկությամբ հանդես է եկել ՀՀ ագրարագյուղացիական միությունը: Ըստ այդ միության նախագահ Հրաչ Բերբերյանի` գյուղացու ձեռքից գումարը վերցնում են, տանում են բանկ, բայց հետո անդորրագիր չեն տալիս: Այսինքն` պարզ չէ, արդյո՞ք այդ գումարները նպատակային են օգտագործվում: «Թող այդ ՀԴՄ-ն իրենց վզներից կախեն, ոնց որ ավտոկայանատեղիներում»,- ասաց Հ. Բերբերյանը:
Նա տարօրինակ է համարում, որ ոռոգման ջրի վարձ հավաքագրում են հենց դաշտերում, իսկ օրինակ` էլեկտրաէներգիայի վարձը վճարում են փոստային բաժանմունքում:
Ագրարագյուղացիական միության մեկ այլ առաջարկով էլ գյուղացիները պետք է պայմանագիր կապեն ոչ թե ՋՕԸ-երի հետ, այլ անմիջապես ջրառի հետ; Այսինքն` ՋՕԸ-ն, ոպես միջնորդ կազմակերպություն պետք է վերանա:
Հ. Բերբերյանը հերքեց նաեւ այն լուրերը, որ հանրապետությունում երաշտ է:


























