Երկրորդ անգամ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Լիլիթը առաջին ամուսնուց ունեցել է երկու դուստր, սակայն երկրորդ դստեր ծնվելուն զուգահեռ ամուսինը լքել էր նրան եւ անհետացել: Իսկ երկրորդ ամուսնուց Լիլիթը ունեցել է մեկ զավակ: Ամուսնության սկզբնական շրջանում ամուսինը եղել է շատ հոգատար, ուշադիր, սակայն ՌԴ մեկնելուց հետո նրա վերաբերմունքը կտրուկ փոխվել է, իսկ վերադարձից հետո նա Լիլիթի հանդեպ դարձել է անտարբեր: Ավելին` ենթարկել ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Լիլիթը (անունը փոխված է):
Իսկ ամուսնու վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը Լիլիթը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում ամուսնուս միակ նպատակը մեկն էր՝ որդուս առանց իմ համաձայնության տանել Ռուսաստան, որտեղ բնակվում էր իր քույրը: Վերջինս ուներ շատ ապահոված ընտանիք, սիրող ամուսին, սակայն ընտանիքի ամբողջականությունը խաթարում էր երեխայի բացակայությունը՝ քույրը չէր կարողանում մայրանալ: Եվ ամուսինս, օգտվելով առիթից, ցանկանում էր լրացնել այդ բացը իմ երեխայի հաշվին»:
Լիլիթը միաժամանակ նշեց, որ սկզբնական ժամանակում ամուսինը փորձել է խաղաղ ճանապարհով լուծել այդ հարցը, սակայն հանդիպելով կնոջ ընդդիմությանը՝ ամուսինը դիմել է բռնության: Թեպետ երեխայի հայրությունը ճանաչված չէր, եւ երեխան ամբողջապես մոր խնամակալությանն էր հանձնված, Լիլիթը մտավախություն է ունեցել, որ ամուսինը անօրեն ճանապարհով կարող էր հասնել իր նպատակին: Վերջինս նշեց, որ չիմանալով իր իրավունքները եւ, հետեւաբար, վախենալով նման դեպքերի զարգացումից` դիմել է Կանանց իրավունքների կենտրոն, որտեղ ստացել է անվճար իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվություն եւ իր իսկ ցանկությամբ ուղղորդվել ժամանակավոր ապաստարան: Ապաստարանում Լիլիթը կարճ է բնակվել, քանի որ ինչպես եւ սպասվում էր, ամուսինը մեկ ամսվա ընթացքում մեկնել է ՌԴ աշխատելու: Այժմ Լիլիթը եւ նրա երեխան գտնվում են բավականին լավ վիճակում, քանի որ երկուսի հետ էլ անց են կացվել խորը հոգեբանական աշխատանքներ, ինչի արդյունքում որոշակիորեն լուծում են ստացել կնոջ հոգեբանական խնդիրները:
Ավելին, ԿԻԿ-ի մասնագետների աշխատանքների արդյունքում, ինչպես նաեւ իր իսկ իրավունքների մասին իրազեկվելու արդյունքում Լիլիթին հաջողվել է վերագտնել ինքն իրեն, եւ հավատալ իր ուժերին: Այժմ նա պատրաստ է վստահ քայլերով առաջ շարժվել եւ բարեհաջող կյանք վարել իր երեխաների հետ` հարկ եղած դեպքում պաշտպանելով թե իրեն, թե իր զավակներին:
Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:


























