Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր եւ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի դեմ գործով օգոստոսի 3-ի դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալի պաշտպան Ստեփան Ոսկանյանի բացակայության պատճառով:

«Փաստինֆոյի» փոխանցմամբ, ամբաստանյալը տեղեկացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, որ իր պաշտպանը հանրապետությունում չէ, գտնվում է արձակուրդում եւ խնդրեց հետաձգել դատական նիստը: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ օգոստոսի 27-ը:

Ըստ դատախազության, Սամսոն Ղազարյանը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ, նույնպես նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանին է տվել 45 մլն 139 հազար 200 դրամին համարժեք 120 հազար դոլար գումար, որի դիմաց նույն ժամանակահատվածից սկսած մինչեւ 2011 թ. մարտ ամիսը ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված 1 տոկոս տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 3.5 տոկոս, ապա 5 տոկոս, այնուհետեւ 10 տոկոսի չափով տոկոսային հավելավճարներ, որոնք ընդհանուր կազմել են 70 մլն 253 հազար 600 դրամին համարժեք 190 հազար 725 դոլար: