Հայաստանի Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն դիմած քաղաքացիները հայտնել են, որ սույն թվականի մարտ ամսին Երեւան քաղաքում գործող անշարժ գույքի գործակալություններից մեկում հարկադիր կատարող ներկայացած ոմն Արթուր Սամվելյանն իրենց խոստանալով հարկադիր էլեկտրոնային աճուրդով մատչելի գներով ձեռք բերել բնակելի տներ՝ վերցրել է ընդհանուր առմամբ 6 հազար դոլար, սակայն գործարքները տեղի չեն ունեցել, իսկ գումարը չի վերադարձնում։

ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է, որ ԴԱՀԿ աշխատակից ներկայացած Արթուր Եղիազարի Սամվելյանն աշխատել է ծառայությունում 1999-2001 թվականներին՝ որպես հարկադիր կատարող, սակայն ներկայումս որեւէ առնչություն չունի հարկադիր կատարման ծառայության հետ: Այս գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին։

Ովքեր տուժել են Արթուր Սամվելյանի նույնանման գործողություններից՝ կարող են դիմել ոստիկանության Մաշտոցի բաժին:

ԴԱՀԿ ապահովող ծառայությունը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել ԴԱՀԿ ծառայության թեժ գիծ՝ 34-22-29   հեռախոսահամարով, կամ հայտնել իրավապահ մարմիններին: