Լոռու մարզում աճում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց թիվը, ինչը մեծ մասամբ պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական անկայուն վիճակով, գործազրկության ու աղքատության բարձր ցուցանիշներով: Լոռու  մարզային  հոգենյարդաբանական դիսպանսերում ներկա դրությամբ հիվանդանոցային բուժում են ընդունում 20 հիվանդ` տարբեր հոգեկան եւ վարքային հիվանդություններով: Իսկ ընդհանուր առմամբ, մարզում գրանցված են շուրջ 5000 նմանատիպ հիվանդությամբ տառապող մարդիկ: Մարզի գլխավոր հոգեբույժ Գայանե Քալանթարյանը NEWS.am-ի Լոռու թղթակցի հետ զրույցում նկատեց, որ հիվանդների թվի աճ է նկատվում, ինչն ըստ նրա, պայմանավորված է ոչ միայն նրանով, որ հիվանդներն են ավելացել, այլեւ մի քանի կողմնակի ցուցանիշներով: Դրանք են ծառայության հասանելիությունը, դիմելիության բարձրացումը, որոնք էլ նպաստում են ավելի շատ հիվանդներ հաշվառելուն:

«Հիվանդների թվի աճը պայմանավորված է նաեւ երկրում տիրող սոցիալ-տնտեսական ոչ բարենպաստ պայմաններով, գործազրկության ու աղքատության բարձր ցուցանիշներով ու արտագաղթով»,-ասաց նա՝ ավելացնելով, որ բացի դրանից աճ կա, հատկապես տագնապային վիճակների, դեպրեսիաների, ալկոհոլիզմի, թմրամոլության դեպքերով:

Գայանե Քալանթարյանի խոսքով՝  հիվանդներն անձամբ ոչ միշտ են ցանկություն հայտնում բուժվելու, որոշ դեպքերում, երբ հիվանդը վտանգավորություն է ներկայացնում հանրության համար, հոսպիտալացվում է հարազատների եւ դատարանի միջնորդությամբ, ինչպես նաեւ ոստիկանության կողմից:

Դիսպանսերում բուժօգնություն են ստանում տարբեր տարիքային խմբերի ու սեռի անձինք, սկսած դեռահասության տարիքից մինչեւ ծերեր:

Այն դիտարկմանը, որ այսօր Վանաձորի փողոցներում ազատ շրջում են հոգեկան հիվանդությամբ տառապողներ, ու անցած 2 տարիների ընթացքում նրանց ձեռքով սպանության մի քանի դեպքեր գրանցվեցին, ու այս դեպքում անհասկանալի է մնում դիսպանսերի դերը, տնօրենը պատասխանեց. «Հոգեբուժական ծառայություններն իրականացվում են ՀՀ հոգեբուժության մասին օրենքով, որը հստակ կարգավորում է մեր գործառույթները: Դիսպանսերը որեւէ հիվանդի բերելու իրավունք չունի, հիվանդին բերում է հարազատը, հիվանդին բերում է շտապօգնությունը ոստիկանության հետ, մենք հիվանդ բերելու իրավունք չունենք»,-ասաց նա՝ համաձայնելով, որ իսկապես փողոցում շրջում են հոգեկան հիվանդներ էլ, որոնք ամեն պահի կարող են վտանգ ներկայացնել:

Ըստ նրա՝ ցանկացած հոգեկան հիվանդ կարող է որոշակի փուլում դառնալ վտանգավոր իր եւ շրջապատի համար, հատկապես հիվանդության սրացման փուլում:

Քալանթարյանի վստահեցմամբ՝ հոգեկան առողջությամբ տառապող անձանց առաջին հերթին պետք է զգուշորեն վերաբերել, փորձել հասկանալ ու չբարկացնել, իսկ ագրեսիվ վարքագիծ նկատելու դեպքում, անմիջապես դիմել շտապօգնություն կամ ոստիկանություն, ու զերծ մնալ սեփական ուժերով նրանց հանգստացնել փորձելուց:

Պատրաստեց` Էդվարդ Արզումանանը:

Լուսանկարները` հեղինակի