Հայաստանի կառավարության շենքի առջեւ այսօր` օգոստոսի 9-ին քաշքշուկ է տեղի ունեցել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ:

Զինվորների ծնողները ցանկացել են նստել կառավարության առջեւի աստիճաններին, սակայն ոստիկանները ոչ միայն թույլ չեն տվել, այլեւ հրել են զոհված զինծառայող Սուրեն Օհանջանյանի մորը` Գոհար Սարգսյանին: Ականատեսների վկայությամբ, ոստիկանները քաշել են կնոջ թեւից, հարվածել ոտքով եւ կոտրել ոտքի եղունգը: Բողոքի ակցիայի մասնակիցներից Հասմիկ Հարությունյանը` զոհված Արտակ Նազարյանի մայրը պատմել է, որ քաշքշող ոստիկանը կապիտան է եղել:

Այդուհանդերձ, ոստիկաններն արգելել են զոհվածների ծնողներին նստած շարունակել իրենց ամենշաբաթյա ակցիան կառավարության նիստի ողջ ընթացքում: Նախկինում սեւազգեստ կանանց թույլատրում էին անարգել նստել աստիճանների վրա, սակայն այսօր ոստիկանները անհամեմատ ավելի խիստ էին ու անդրդվելի:

Նշենք, որ զոհված զինծառայողների մայրերն ամեն հինգշաբթի` կառավարության նիստերի օրը բողոքի ակցիա են անում` պահանջելով բացահայտել իրենց հարազատների սպանություններն ու արժանի պատիժ տալ մեղավորներին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի