Երեւան- Շարմ Էլ-Շեյխ ուղղությամբ չվերթը երեկ` օգոստոսի 8-ին 21-45-ին իրականացվել է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին «Հեփի վոյաժ» ընկերությունից, որը շուրջ 140 ուղեւորի վաճառել է Շարմ Էլ-Շեյխի տոմսեր: Ինչպես նաեւ նշեցին, որ թռիչքի հետաձգման պատճառը տեխնիկական է եղել եւ, ոչ թե ֆինանսական, ինչպես մինչ այդ տեղեկություններ էին տարածվել: Ընկերության փոխանցմամբ, «Սփոթ Էյր» ավիաընկերությունը, որը պետք է իրականացներ չվերթը, տեխնիկական պատճառներով չի կարողացել ինքնաթիռ ուղարկել Հայաստան: Փոխանցեցին, որ 128 հոգի  մեկնել են, մոտավորապես 4-ը փոշմանել եւ մնացել են Հայաստանում: Սակայն բոլոր ուղեւորներին փոխհատուցում է տրվել: «Օդանավակայնում նրանց կերակրել ենք: Ով հյուրանոցի համար վճարել էր եւ օրը կորցրել էր, նրանց էլ ենք փոխհատուցել, իսկ ովքեր չեն փոխհատուցվել, պայմանագիր են ստորագրել, որ վերադառնալուց անպայման ստանալու են իրենց հասանելիք փոխհատուցումը»,- հավաստիացրեցին «Հեփի վոյաժ» ընկերությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հեփի վոյաժ» ընկերությունը, որը շուրջ 140 ուղեւորի վաճառել է Շարմ Էլ-Շեյխի տոմսեր, մարդկանց 2 օր շարունակ կանգնեցրել է խնդրի առաջ, քանի որ վճարումները ուշացնելու պատճառով «Սփոթ Էյր» ավիաընկերությունը, որը պետք է իրականացներ օգոստոսի 7-ի գիշերը,  ժամը 03:30-ին նախատեսված չվերթը, հրաժարվել է ուղեւորներին տեղափոխել Հայաստանից: Ավելին` օգոստոսի 8-ի ժամը 9.00-ին հետաձգված չվերթը եւս չի իրականացվել, ինչի արդյունքում ուղեւորները նախ «Զվարթնոց» օդանավակայանում են իրենց բողոքի ձայնը բարձրաձայնել, այնուհետեւ տեղափոխվել«Հեփի վոյաժ» ընկերություն մոտ` իրենց բողոքի ակցիան շարունակելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին տուժած ուղեւորներից մի քանիսը: Ուղեւորների մեծամասնությունն արդեն նախօրոք Շարմ Էլ-Շեյխում համարներ  են պատվիրել, որի ժամկետը լրանում է: Իսկ ընկերությունից բողոքի ակցիայի մասնակիցներին ոչ մի սփոփիչ պատասխան չեն տալիս: NEWS.am-ը եւս փորձեց կապ հաստատել «Հեփի վոյաժ» ընկերության հետ, սակայն այնտեղ հեռախոսազանգերին չէին պատասխանում:Տուժած ուղեւորները նաեւ նշել էին, թե խոստացել են չվերթն իրականացնել այսօր` ժամը 20:00-ին եւ, եթե հանկարծ հերթական անգամ խաբեն, պայքարելու են, որ իրենց կրած վնասի դիմաց ընկերությունը փոխհատուցի: