Օգոստոսի 13-19-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորում կանցկացնի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «Բազե» հավաքին կմասնակցեն Հայաստանից, Ջավախքից, սփյուռքից եւ Լեռնային Ղարաբաղից 42 ջոկատներ` յուրաքանչյուրում յոթ մասնակից: Հավաքի ընթացքում 18-30 տարեկան շուրջ 400 երիտասարդներ, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաեւ հանդիպումներ կունենան ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։
Հավաքի մարզական ծրագրում նախատեսված են սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, ձեռքի ուժ, ֆուտբոլ, լող, ազգային խաղեր մրցաձեւերը։ Մշակութային հատվածում երիտասարդները կմրցեն երգ, պար, նորաձեւություն, նկարչություն մրցույթներում։ Կանցկացվեն նաեւ «Բրեյն ռինգ» եւ «Բազե-բանալի» ինտելեկտուալ խաղերը։
Այս տարվա «Բազե» երիտասարդական հավաքին ավելացել է բուհերի ջոկատների թիվը։ Առաջին անգամ ջոկատներ կընդգրկվեն նաեւ մարզերում գործող բուհերից, ինչպես նաեւ՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից։
Նշենք, որ այս տարին «Բազեի» համար խորհրդանշական է. լրանում է հավաքի տասնամյակը։ 10 տարիների ընթացքում հավաքին մասնակցել է շուրջ 8000 երիտասարդ։ Հոբելյանական հավաքին նախատեսված է տոնական ծրագիր, կլինեն հանդիպումներ հին բազեականների հետ: Կցուցադրվի 10-ամյա «Բազեի» տարեգրությունը ներկայացնող ֆիլմ։




























