Այսօր՝ օգոստոսի 10-ին, ժամը 14-ի սահմաններում, իր աշխատասենյակում հանկարծամահ է եղել Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մարսել Մաթեւոսյանը: Մեր տեղեկություններով, նա առավոտից սովորականի պես զբաղվել է աշխատանքային պարտականություններով, սակայն կեսօրին մոտ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է եւ շտապօգնություն են հրավիրել: Ամենայն հավանականությամբ, Մաթեւոսյանի մոտ սրտի նոպա է եղել: 

Մարսել Մաթեւոսյանը ծնվել է 1951թ. ապրիլի 28-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում՝ մանկավարժի ընտանիքում: Բարձրագույն կրթությունն  ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1977թ.: Մասնագիտական գործունեությունն սկսել է Մարտունու շրջանի դատախազությունում որպես քննիչ-ստաժյոր:

1979- 1987թթ. - Սեւանի միջշրջանային դատախազության քննիչ:

1987-1988թթ. - Սեւանի միջշրջանային դատախազության ավագ քննիչ:

1988-1991թթ. - Սիսիանի շրջանի դատախազ:

1991-1992թթ. - ՀՀ դատախազության բաժնի դատախազ:

1992-1999թթ. - ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի  քննիչ:

1999-2001թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ:

2001-2002թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ավագ ՀԿԳ քննիչ:

2002-2004թթ. - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ,  նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետ:

2004-2007թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ, իսկ 2005թ-ից՝ նաեւ մարդու առեւտրի եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ:

2007թ. մինչ օրը այսօր - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:

ՀՀ Նախագահի 2003 թվականի մայիսի 27-ի հրամանագրով Մ.Մաթեւոսյանին շնորհվել է  արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:  ՀՀ պաշտպանության նախարարի 30.06.03թ հրամանով պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյանի անվան» մեդալով,  ՀՀ ոստիկանապետի  15.04.04թ. հրամանով ՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,  ՀՀ գլխավոր դատախազի  22.04.06թ. հրամանով՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով: