Մելինե Առուստամյանը ամուսնացել է 5 տարի առաջ եւ այդ տարիների ընթացքում ունեցել է 2 երեխա: Կինն ամուսնանալիս ունեցել է իր սեփական բնակարանը, սակայն ամուսնությունից հետո ամուսինը որոշել է բնակարանը վաճառել եւ հողամաս գնել` նոր տուն կառուցելու համար: Բայց բնակարանը վաճառելուց հետո նոր ձեռք բերած բնակարանի սեփականության իրավունքը ամուսինը գրանցվել է իր անվամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Մելինե Առուստամյանը (անունը փոխված է-խմբ.) եւ ավելացրեց, որ տան անվանափոխությունից հետո ամուսինը սկսել է անհիմն խանդել իրեն, արգելել է աշխատել, ենթարկել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության:
«Պարբերաբար ենթարկում էր ծեծի, թույլ չէր տալիս անգամ տանից դուրս գալ եւ այլն: Արդեն մեկ տարուց ավելի է` ինչ ես օգտվում եմ Ազգային Թեժ Գիծ ծառայությունից, ստանում եմ իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվություն, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում իմ մեջ ուժ գտնել եւ դատական կարգով ամուսնալուծվել»,- ավելացրեց Մելինե Առուստամյանը: Բայցեւայնպես, վերջերս հերթական բռնությունից հետո, վերջնականապես որոշել է, որ պետք է դիմի դատարան: Այդ նպատակով այցելել է Կանանց իրավունքների կենտրոնի ճգնաժամային կենտրոն, ներկայացրել համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կենտրոնի իրավաբանը կազմի հայցադիմում եւ ներկայացնի դատարան: Կենտրոնի իրավաբանը փորձել է խոսել նաեւ ամուսնու հետ, բացատրել ստեղծված իրավիճակը, սակայն ամուսինը ոչինչ չի պատասխանել: Բայց երբ հայցադիմումը ներկայացվել է դատարան եւ արդեն նշանակված է եղել դատական նիստը, ամուսինները կրկին միացել են:
«Կրկին դիմեցի Կանանց իրավունքների կենտրոն: Այս անգամ նպատակս լիովին այլ էր: Ամուսնուս հետ վերջնական զրույցի ընթացքում նա ինձ խնդրեց հայցադիմումը հետ վերցնել, քանի որ զրուցել էր իրավաբանի հետ եւ հասկացել իր սխալները` ցանկանալով դրանք ուղղել: Նա խնդրեց եւս մեկ հնարավորություն տալ իրեն` վստահեցնելով, որ առանց դատարան դիմելու պարտավորվում էր առաջին իսկ պահանջով տունը անվանափոխել իմ անվամբ»,- պատմեց Մելինե Առուստամյանը:
Նրա խոսքով, այսօր իրենք կրկին միասին են ապրում, մեծացնում իրենց երեխաներին` փորձելով չհիշել անցյալը, ապրել ներկայով եւ շարժվել առաջ: Սակայն Մելինեն խորհուրդ է տալիս նման իրավիճակում հայտնված կանանց դիմել Կանանց իրավունքների կենտրոն, քանի որ վերջիններս իրենց իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվությամբ օգնում են ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ ճանապահ ցույց տալ:
Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության, օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:




























