ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Շիրակի մարզում ծանոթացավ առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով  իրականացվող աշխատանքների ընթացքին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Շիրակում արդեն ավարտվել են ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերը: Երրորդ փուլը մեկնարկել է հունիսից, որի շրջանակում  29 համայնքում կիրականացվի 41 ծրագիր: Ծրագրի երեք փուլերով մարզին ընդհանուր առմամբ հատկացվել է 3 մլրդ 960 մլն դրամ:  

Փոխվարչապետը մարզպետ Աշոտ Գիզիրյանի ուղեկցությամբ այցելեց Սառնաղբյուր համայնք, որտեղ գյուղամիջյան ճանապարհի նորոգման համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 45 մլն դրամ: Աշխատանքներն արդեն ավարտվել են, վերանորոգվել է 1,8 կմ գյուղամիջյան  ճանապարհ:  Երրորդ փուլով 52 մլն դրամ է հատկացվել նաեւ Վարդաքար համայնքը հանրապետական նշանակության ճանապարհին կապող 1,2 կմ հատվածի նորոգման համար, որի աշխատանքները եւս ավարտված են:

Արթիկ համայնքում փոխվարչապետը ծանոթացավ համայնքի երաժշտական դպրոցի վերանորոգման ընթացիկ աշխատանքներին, որի համար  ծրագրի երրորդ փուլով  հատկացվել է 32 մլն դրամ: Տեղեկացվեց, որ աշխատանքներն ավարտական փուլում են, եւ ամբողջովին հիմնանորոգված դպրոցը շուտով շահագործման կհանձնվի: Փոխվարչապետը հորդորեց հնարավորության սահմաններում  աշխատանքներն ավարտել մինչեւ նոր ուսումնական տարին` միեւնույն ժամանակ ուշադրություն դարձնելով որակին:

Այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացավ նաեւ մի շարք կառույցների  շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք  ՀՀ նախագահի` մարզ կատարած այցելության ժամանակ համարվել էին որպես առաջնահերթ լուծում պահանջող: 

Հոռոմ համայնքում նա ծանոթացավ դպրոցի վերանորոգման  աշխատանքներին, որի համար առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 35 մլն դրամ: Նշված գումարը բավարար չէ դպրոցի վերանորոգումն ավարտին հասցնելու համար, եւ  անհրաժեշտ միջոցների համար ծրագրի պատասխանատուները կդիմեն  Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին: Տեղեկացվեց, որ  կատարվել է աշխատանքների 50 տոկոսը:

Ազատան համայնքում Ա. Գեւորգյանին ներկայացվեց մանկապարտեզի շենքի կառուցման ընթացքը: Ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 120 մլն, Հայաստանի սոցիալական ներդրումների հրմնադրամի կողմից`130 մլն դրամ: Տեղում քննարկվեցին մանկապարտեզի հետագա շինաշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը Գյումրիում  այցելեց «Մուշ-2» թաղամաս. այստեղ արդեն ավարտվել են թաղամասը  Բուլվարային փողոցին կապող ճանապարհահատվածի վերանորոգումը եւ  նորակառույց դպրոցի շինարարությունը: Ա. Գեւորգյանը  ծանոթացավ կատարված աշխատանքներին, զեկուցվեց, որ թաղամասի նորակառույց դպրոցի շենքը շահագործման կհանձնվի մինչեւ սեպտեմբերի 1-ը: Այն նախատեսված է 1080 աշակերտի համար եւ ապահովված է  անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով:  ՀՀ պետական բյուջեից դպրոցի կառուցման համար հատկացվել էր  2 մլրդ 59 մլն դրամ, իսկ ճանապարհահատվածի վերանորոգման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` 500 մլն դրամ:

Փոխվարչապետի այցն ավարտվեց մարզպետարանում հրավիրված խորհրդակցությամբ,  որի ժամանակ քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերի  կատարմանը վերաբերող եւ ընթացիկ այլ հարցեր:

Մասնավորապես, «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք»  ընկերությունների  միջազգային գլխավոր տնօրենը ներկայացրեց մարզում իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերի ընթացքը:  Ծրագրի առաջին փուլով նախատեսված է համակարգերի ամբողջական վերանորոգում Ազատան, Ախուրյան, Մարալիկ համայնքներում  եւ Գյումրի քաղաքի մի մասում:  Ծրագրի երկրորդ փուլով շարունակվում են  համակարգի վերանորգման աշխատանքները   Գյումրիում: Զեկուցվեց, որ Ազատանում աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտված են:  Նշվեց, որ այս տարի նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ կկատարվեն: Ծրագիրն իրականացվում է  հայ-գերմանական համագործակցությամբ`  KfW բանկի ֆինանսավորմամբ:

Անդրադարձ եղավ նաեւ մարզում ոռոգման հետ կապված իրավիճակին: «Շիրակ» ՋՕԸ տնօրենը տեղեկացրեց, որ աննախադեպ սակավաջուր տարվա արդյունքում  Մանթաշի ջրամբարում այս տարի բավարար քանակի ջուր չի կուտակվել, եւ  որոշակի լարվածություն է առաջացել Արթիկի տարածաշրջանի համայնքներում ջրամատակարարման առումով: Սակայն արվում է հնարավորը` անխափան ջրամատակարարման ապահովման համար:  Փոխվարչապետը պատասխանատուներին  հորդորեց ոռոգումը կազմակերպել հնարավորինս արդյունավետ` հաշվի առնելով, որ Մանթաշի ջրամբարից ջուր է վերցվում թե խմելու, թե ոռոգման նպատակով:

Քննարկվեցին նաեւ սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին առնչվող հարցեր: Փոխվարչապետը հատկապես ուշադրություն հրավիրեց հողի հարկի ցուցանիշների վրա` նկատելով, որ մարզում հողի հարկի հավաքագրման ընդհանուր ցուցանիշն  80 տոկոսից ցածր է:  Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանի պատասխանատուների հետ քննարկվեցին գործընթացի արդյունավետության բարձրացման, նոր ռեսուրսների բացահայտման հնարավորությունները:

Քննարկվեցին նաեւ գյուղատնտեսական աշխատանքների, բերքի իրացման հետ կապված եւ մի շարք այլ հարցեր: