Արդյոք կուրախանա՞ր Աբովյանի փողոցին վերին հատվածից` այսօրվա «Պլանի գլխից» նայող անցյալի սիրահարը, եթե ութսուն տարի անց քաղաքով անցներ: Տրամվայն իր քաղաքի անդորրն էր քանդում, իսկ հիմա տրամվայներն են կազմաքանդ արել. վերջին գիծը ութ ու կես տարի է` չկա: Հանեցին, բայց քաղաքի անդորրը ետ չդարձավ, մի բան էլ պակասեց: Քաղաքի ո՞ր անկյունում պիտի Բակունցը նրան պատսպարեր: Կամ ի՞նչ պիտի տեսներ այսօրվա Պլանի գլխից: Պրովինցիայի վերադարձը...

Երբ փողոցները դեռ սկսել էին պատռել` ռելսերը հանելու, ջարդոնի համը դեռ չէին առել: Կսմթում էին անտարբեր` կտոր-կտոր, մինչեւ այս տարի չհանեցին վերջինը` Երեւանյան լճի մոտ: Այ, թե ութ տարի առաջ ջարդոնը այսօրվա պես արժենար: Տոննան քառասունի տեղը հարյուր հազար դրամ...

Ո՞ւր տարան տրամվայի ռելսերը` չիմացանք: Իսկ երկաթուղո՞ւնը...

Չարենցի փողոցի աջ կողմի շենքերի բնակիչներն էլ չգիտեին` անդորրն ինչ է: Դիմացի բլուրի սեփական տների գլխավերեւում երկաթգիծն էր անցնում, դրանով էլ, օրը մեկ-երկու անգամ` գնացք: Այժմ երկաթգծի տեղը ավտոճանապարհ է անցնում, իսկ Երեւանում երկաթգծի հյուսիսային եւ հարավային հատվածները մասնատվեցին: Չարբախից Քանաքեռ գնացքը հասնել այլեւս չի կարող:

Շարունակությունն իմացանք Երեւանից հարյուր կիլոմետր հեռու: Տեղի ձուլարաններից մեկի տնօրենի պատմածով` հանված ռելսերից մեկ այլ ձուլարանում որոշեցին աղացների գնդեր ձուլել: Բայց երբ պատրաստի գնդերը լցրել են աղացի մեջ, մետաղը սկսել էր շերտ-շերտ պոկվել: Ռելսերի հիշողությունն ամուր էր. երկաթե համառությամբ իրենց կերպարը փոխել չէին ուզում: Թե երեւանցին էլ իր տրամվայն ու երկաթգիծը  մոռանար` նրանք չէին մոռանա:

Օրեր անց ռելսերի հավատարմությունը ստացավ ավելի տեխնիկական բացատրություն: Ցեմենտի գործարաններից մեկի ղեկավարն իր արտադրամասում ցույց տվեց նույն տեսքի պլոկված գնդեր: Ոչ, պողպատը չէր խռովել: Ուղղակի ամրացնող հավելումները` ֆեռոհամաձուլվածքներն էին սակավ: Ենթադրեցինք` ջարդոնը թանկացել է, ձուլարաններն էլ ստիպված են համաձուլվածքները խնայել: Թանկացած ջարդոնն են մի կերպ գնում, էլ ուր մնաց ֆեռոքրոմ. երկաթի տոննան 100 հազար է, դեռ 20 հազարի էլ ֆեռոքրոմ է պետք ավելացնել տոննայի մեջ: Մետալուրգներն էլ` ռելսերի պես, գործին հավատարիմ են... եւ տուժած:

Բայց պատվիրատուն էլ հո մեզ նման առասպելներ չի գրելու: Նրան ամուր ձուլվածք է պետք: Այստեղ չի լինի, Իրանից պիտի բերի:

Տրամվայները կազմաքանդ անելուց մի քանի ամիս անց Էդվարդ Միլիտոնյանը բեմահարթակ դարձրեց Երեւանի գիշերային փողոցները: Այդտեղով ուրվական տրամվայ էր սուրում` հավատարիմ իր Կայարան-Սիլաչի-Դաշնամուրի գործարան ուղեւորներին: Տրամվայի հավատարմությունը երեւանցիներիս դարձավ տեսիլք: Ռելսերինը` հետը: Ձուլարանները տեսիլք չդառնան. այնտեղ մարդիկ են աշխատում…

Արամ Գարեգինյան