Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հայտարարությունը, Սիրիահայության եւ տարածաշրջանի ժողովուրդների նկատմամբ Թուրքիայի ոտնձգությունների կապակցությամբ, լայն արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում։
Թուրքիայի բոլոր հայտնի լրատվամիջոցները օրվա գլխավոր լուրերի շարքում ներկայացրել են ԱՍԱԼԱ-ի տարածած հայտարարությունը։ Որոշ լրատվամիջոցներ ամբողջությամբ, իսկ որոշներն էլ՝ կիսատ են ներկայացրել հայտարարության տեքստը։
Լրատվամիջոցներում ԱՍԱԼԱ-ի հայտարարության տակ ընթերցողների հիմնական մեկնաբանությունը կապված էր Թուրքիայի իշխանությունների սխալ արտաքին քաղաքականության հետ։
Ներկայացնում ենք Milliyet-ի ընթերցողներից մի քանիսի մեկնաբանությունները «Զրո խնդիր հարեւանների հետ քաղաքականության հետեւանքով առանց խնդրի հարեւան չմնաց», «Օ, ինչ հրաշալի է, մեր թշնամիներն օր-օրի ավելանում են», «Միայն ԱՍԱԼԱ-ն էր պակաս, նա էլ հայտնվեց»։
Նշենք, որ ԱՍԱԼԱ-ի տարածած հայտարարության մեջ նշել է. «Սիրիայի հայ համայնքի անվտանգությունն ու անդորրը սպառնացող թուրքական որեւէ ռազմական արկածախնդրություն, ուղղակի կամ անուղղակի որեւէ ոտնձգություն հանդիպելու է մեր համարժեք հակազդեցությանը»:




























