Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ՕԵԿ-ական գործող գյուղապետ Վաղինակ Բաղդասարյանը, օգտվելով իրավապահ համակարգում ունեցած  լծակներից, ճնշում է գործադրում գյուղապետի պաշտոնի համար թեկնածությունը առաջադրած ԲՀԿ-ական թեկնածուի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական գյուղապետի թեկնածու էդիկ Կուրղինյանը:

Նրա խոսքով, իր թիմակիցներին, իր կողքի մարդկանց  ՕԵԿ-ական գյուղապետը ոստիկանության աշխատակիցների` միլպետի գլխավորությամբ,  կանչում է գյուղապետարան, որը  նախընտրական շտաբ են սարքել եւ պահանջում, որ ձայները պետք է տան գյուղապետ Վաղինակ Բաղդասարյանին: «Ժողովրդի մի մասը վախեցած է, մյուսը ոչ: Կոնկրետ ինձ չեն ճնշել, միայն առաջադրման օրը զգուշացրել են, որ խուլիգանություն, բան չլինի: Ի դեպ, ես ճիշտ է` առաջին անգամ եմ իմ թեկնածությունը առաջադրում,  բայց գործող գյուղապետին  2 անգամ ես եմ գյուղապետ դարձրել, քանի որ ԲՀԿ-ն հզոր կուսակցություն է: Սակայն տեսնելով, որ գյուղին ոչ մի օգուտ չի տվել, հետեւաբար իմ թեկնածությունն եմ առաջադրել»,- ահազանգեց ԲՀԿ-ական էդիկ Կուրղինյանը:

NEWS.am-ը  զրուցեց նաեւ  Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի ՕԵԿ-ական գյուղապետ  Վաղինակ Բաղդասարյանի հետ,  ով հաստատեց, որ ինքը  Արթիկի ոստիկանության պետ  Տիգրան Պետրոսյանի ընկերն է: «Ինչո՞ւ սահմանափակում կա, որ մարդիկ մարդկանց հետ շփվեն: Ընկերներս չգա՞ն մեր տուն: Որեւիցե մեկը համայնքում չի կարող գալ ասել, թե ում տան ձայները` անկախ նրանից, թե ում կողմից են: Ես ընկերական մեծ շրջապատ ունեմ  Հայաստանի Հանրապետությունով մեկ»,- մրցակցի մեղադրանքներին արձագանքեց գյուղապետը եւ ավելացրեց, որ վաղը կարողա է ԱԺ-ից, կառավարությունից կամ Ազգային անվտանգությունից մարդիկ գան հարցնեն, թե իրեն ո՞վ է անհանգստացրել:

«Իրավունք չունե՞ն, թե՞ ինչպես հասկանանք: Տիգրան Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանն  իմ ընկերներն են եւ գալիս են գյուղ հետաքրքրվում են իրենց ընկերոջով: Ի՞նչ է, վա՞տ է: Իմ ընկերներս էլ միլիցիայի աշխատողներ են: Տղաս համակարգում է  աշխատում: Ես նախկին միլիցիայի աշխատող եմ եղել: Բոլոր միլիցիայի աշխատողները իմ ընկերներն են, չգա՞ն ինձնով անհանգստանան: Ո՞ւմ են ստիպել, ծեծել, ձերբակալել »,- հարցրեց գյուղապետը: Վերջինս նշեց, որ իր մրցակցին սատարելու համար ԲՀԿ-ական պաշտոնյաներ էլ են գալիս գյուղ, սակայն անուններ չտվեց: