Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ` օգոստոսի 22-ին ընդունել է «Վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ պայքարի ուժեղացման» ծրագրի շրջանակներում Եվրպայի խորհրդի փորձագետ Էրիկ Սվանիձեին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես քրեական գործերով ոստիկանության բաժիններում վկաների, բերման ենթարկվածների, ձերբակալվածների նկատմամբ բռնությունների կամ այլ վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմում բողոքների քննարկման առանձնահատկանություններին առնչվող  հարցեր: Կողմերը կարեւորել են այդօրինակ ահազանգերով հատկապես անկողմնակալ եւ բազմակողմանի քննության իրականացումը՝ անկախ քննչական մարմնի մասնագիտացված ստորաբաժանման կողմից:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունն ու օրենսդրական դաշտի զարգացման ուղղությամբ աշխատանքները՝ հաշվի առնելով եվրոպական չափանիշները: