Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` օգոստոսի 24-ին այցելեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Էկո եւ Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոն»: Այցելության նպատակը նորաստեղծ, սակայն ագրոպարենային համակարգերի ժամանակակից պահանջների ներդրման եւ իրականացման համար անհրաժեշտ լաբորատոր հագեցվածություն ունեցող կենտրոնի հնարավորություններին ծանոթանալն էր, ոլորտում ինովացիաների ներդրման հեռանկարների քննարկումը:

ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կենտրոնի մասնագետները նախարարին ներկայացրեցին ժամանակակից սարքավորումներով հագեցած փորձարկման լաբորատորիան , որը հնարավորություն է ընձեռում իրականացնել միջազգային ճափորոշիչներին համահունչ սննդամթերքի ռիսկի գնահատում:

Էկոկենտրոնի միջլաբորատոր խմբերը իրականացնում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող արոտավայրերի մրցունակության ծրագրի սպասարկումը: Գյուղմթերքների արտադրության առաջնային ռիսկերի գնահատման համար կենտրոնում գործող շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժինը միջազգային դրամաշնորհներով արդեն իրականացրել է մի շարք կարեւոր հետազոտություններ: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ է համագործակցում նաեւ որակի եւ կենսաէներգիայի բաժանմունքը , ուր որակի եւ սննդարարության գնահատման կայուն չափորոշիչներ են ստեղծվում: Չնայած Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնը կարճ ժամանակ է, ինչ գործում է, սակայն արդեն Իտալիայի կառավարության կողմից անցյալ տարի հաղթող է ճանաչվել դրամաշնորհային ծրագրերի մրցույթում, որի շրջանակներում գործող ամառային դպրոցի աշխատանքներին մասնակցել են իտալացի փորձագետները, իսկ ծառայության աշխատակիցները վերապատրաստվել են Եվրոպայի հեղինակավոր կենտրոններում:

Այցելության արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց, որ այսուհետ,համապատասխան կազմակերպությունների,տնտեսությունների եւ անհատների կողմից ներկայացվելու դեպքում, կենտրոնը կիրականացնի սննդամթերքի անվտանգության համակողմանի ստուգումներ: