Լոռիի մարզի Քարաբերդ համայնքում այս տարի էլ սեպտեմբերի 1-ին դպրոցի զանգի ղողանջներ չեն հնչելու, պատճառը մեկն է՝ գյուղը դպրոց չունի, ու այսպես է արդեն 20 տարի: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Քարաբերդ համայնքի ղեկավար Յուրա Շավելյանը նշեց, որ դեռեւս 1974թ-ին գյուղը ամբողջությամբ լքվել է, այնուհետ 1992-ին կրկին վերականգնվել ու մտել համայնքների ցանկի մեջ: «Այդ օրվանից մինչ էս պահը մենք դպրոց ու մանկապարտեզ չունենք, էն ժամանակ խոսվում էր, որ դպրոց են սարքելու, բայց չարեցին, գյուղի ջահել ընտանիքներն էլ, որ ունեին մանկապարտեզի ու դպրոցի տարիքի երեխաներ, հեռացան գյուղից»,- ասաց նա:
Յուրա Շավելյանի փոխանցմամբ` 160 բնակիչ ունեցող գյուղում դժվար թե կարողանանք նշված տարիքի երեխա գտնել, բոլորը ընտանիքների հետ բնակում են մարզկենտրոն Վանաձորում, նրանց մի մասը՝ վարձով: «Որ մենք դպրոց ունենայինք, գյուղը լիքը կլիներ, ջահել ընտանիքներ կունենայինք, իսկ այսօր գյուղում միայն ծերեր են մնացել: Մեր տեղը հարմար է, մարզկենտրոնից 15 կմ ենք հեռու, բնակչությունը կզբաղվեր գյուղատնտեսական աշխատանքներով ու բերքն էլ հեշտությամբ կիրացներ քաղաքում, բայց…»:
Նշենք, որ Քարաբերդ համայնքումչի գործում նաեւ միջքաղաքային տրանսպորտ, գյուղը մարզկենտրոնից գտնվում է 15 կմ հեռավորության վրա, իսկ գյուղից մինչեւ Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհ հասնելը 4 կմ է, ինչն էլ գյուղի ծերերի համար աննկարագրելի դժվարություններ է ստեղծում, մանավանդ, երբ փողոցները գտնվում են քարուքանդ վիճակում, ու ձմռանը գյուղը շատ դեպքերում կորցնում է կապը քաղաքի հետ:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի




























