Օգոստոսի 24-ին ավարտվել է Տավուշի մարզում սեպտեմբերի 23-ին անցկացվելիք ՏԻՄ թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների գրանցումը կիրականացվի մինչեւ օգոստոսի 29-ը: ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Տավուշի 62 համայնքներից 54-ում: Այդ թվում 4 քաղաքային համայնքներում` Բերդում, Դիլիջանում, Նոյեմբերյանում եւ Այրումում, նախատեսված են քաղաքապետերի ընտրություններ:
Բերդում առաջադրված է 4 թեկնածու` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական Անդրանիկ Շառյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ անդամ Համայակ Ադամյանը եւ ինքնաառաջադրված ՀՀԿ անդամ Հարություն Մանուչարյանն ու անկուսակցական Արամ Աթոյանը:
Դիլիջանում 3 թեկնածու է` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական Արմեն Սանթրոսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ անդամ Ժորա Սահաբալյանը եւ ինքնաառաջադրված ՀՀ Փաստաբանների պալատ փաստաբան, անկուսակցական Գուրգեն Հարությունյանը:
Նոյեմբերյանում առաջադրված է 2 թեկնածու` ՀՀԿ-ի կողմից գործող քաղաքապետ, հանրապետական Վանուշ Ամիրաղյանը եւ ինքնաառաջադրված անկուսակցական Քաջիկ Անանյանը:
Այրումում առաջադրված է 2 թեկնածու` ՀՀԿ-ի կողմից` գործող քաղաքապետ, հանրապետական Գիգոլ Եգանյանը եւ ինքնաառաջադրված անկուսակցական Արթուր Այվազյանը: Նշենք, որ համայնքի ղեկավարը եւ ավագանին ընտրվում են 4 տարի ժամկետով:
Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, իսկ ավագանու անդամ` 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:




























