Հայաստանի կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորմած ազգերի զարգացման ծրագրի միջեւ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի մեկնարկն ազդարարող ծրագրային եւ համաֆինանսավորման համաձայնագրեր:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստաթղթերը ՀՀ կառավարության անունից ստորագրել են ՀՀ ֆինանսաների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՄԱԶԾ-ի անունից՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դիրկ Բոբերգը:
Փաստաթղթերն ստորագրվել են ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի. կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության» եւ դրանից բխող ՀՀ կառավարության կողմից ընդունված 2011-2015 թթ. միջոցառումների իրականացման ծրագրի մի շարք դրույթների եւ պահանջների:
Ծրագրի նպատակն է արդիականացնել «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերը` դրանք համապատասխանեցնելով սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշներին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի եւ առեւտրի համար նպաստավոր պայմանների ապահովման եւ սահմանը հատող անձանց եւ ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար:
Միաժամանակ, նախատեսվում է վերոնշյալ սահմանային կետերում բարելավել անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ անձանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների օրինական շարժը, զարգացնել միջգերատեսչական համագործակցությունը եւ նպաստել տեղեկատվության օպերատիվ փոխանակմանը, որը թույլ կտա տեղայնացնել ԵՄ սահմանների համալիր կառավարման լավագույն փորձը եւ սկզբունքները, բարելավել սահմանամերձ համայքների բնակիչների կենսապայմաններն ու ենթակառուցվածքները:
Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը 2012 թ. օգոստոսի 7-ին Եվրոպական Ներդրումային բանկի հետ ստորագրել է 30,316 մլն եվրո արժողության վարկային համաձայնագիր: Նախատասեվում է նաեւ 10,3 մլն եվրոյի վարկային համաձայանգրի ստորագրում Վերակառուցման Զարգացման եվրոոպական բանկի հետ: Եվրոպական Ներդրումային բանկը նաեւ կհամակարգի ԵՄ հարեւանության ներդրումային գործիքի հիմնադրամից 12 մլն եվրո դրամաշնորհ ստանալու աշխատանքները:
Ծրագրի բյուջեի մաս կկազմի նաեւ ԵՄ արեւելյան գործընկերության Սահմանային համալիր կառավարման առաջատար նախաձեռնության ծրագրի կողմից «Բավրա» եւ «Բագրատաշեն» անցակետերի համար շուրջ 3.5 միլիոն եվրո դրամաշնորհը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հատկացվող ֆինանսական միջոցները շուրջ 0.8 միլիոն եվրոյի չափով:



























