Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային։
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին, Դերենիկ Դումանյանը նշեց, որ երկու երկրի առողջապահության նախարարությունների համագործակցությունը երկար պատմություն ունի։
«Դեռեւս 1998 թվականին ՀՀ առողջապահության նախարարության եւ Արգենտինայի Հանրապետության առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարության միջեւ համաձայնագիր է ստորագրվել, որով պետք է շատ ոլորտներում փոխգործակցություն ծավալվեր։ Արգենտինահայ ճանաչված բժիշկ Դանիել Ստամբուլյանի նախաձեռնությամբ 2008-ին ստեղծված «Ֆայդեք Արմենիա» (FIDEC Armenia) հինմադրամը միայն անցած տարի Տավուշի մարզում վերատադրողական առողջության ծառայությունների տրամադրման եւ առողջ ապրելակերպին նվիրված երեք ծրագիր է իրականացրել։ Բայց ցանկալի է, որ համագործակցությունը շատ ավելի լայն շրջանակներ ունենա։ Կարծում եմ, որ այս հանդիպումն այդ ուղղությամբ նոր հեռանկարներ կբացի»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան ընդգծեց, որ անցած կարճ ժամանակաընթացքում ինքն ուսումնասիրում է այն ոլորտները, որտեղ Հայաստանն ու Արգենտինան կարող են համագործակցել։ Իսկ առողջապահության ոլորտում բավական լուրջ հիմքեր կան սկիզբ դրված համագործակցությունը խորացնելու համար։ Նա պատրաստակամություն հայտնեց երկու նախարարության միջեւ կապ հանդիսանալ՝ բոլոր համատեղ ծրագրերի իրականացման գործում։
Դերենիկ Դումանյանը վստահեցրեց, որ առողջապահության ոլորտում բազմաթիվ ուղղություններով համակգործակցության հնարավորություններ կան։ Եվ այդ ծրագրերում ակտիվորեն կարող են ընդգրկվել նաեւ արգենտինահայ բժիշկները, որոնց հետ Հայաստանի գործընկերներն աշխատում են նաեւ հայ բժիշկների պարբերաբար կազմակերպվող միջազգային համագումարների շրջանակներում։
Նախարարը դեսպանի միջոցով Արգենտինայի Հանրապետության առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարին հրավիրեց Երեւան՝ փոխշահավետ համագործակցության ծրագրերը միասին քննարկելու նպատակով։ Դեսպանը խոստացավ փոխանցել հրավերը եւ իր հերթին հույս հայտնեց, որ այս հանդիպումը առողջապահության ոլորտում հայ-արգենտինական արդյունավետ փոխգործակցության խորացման սկիզբը կդնի։




























