Երեւանի քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով շարունակվող բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքների ընթացքին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետեւել է Դավթաշեն վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում: Շրջայցի շրջանակում քաղաքապետը Դավթաշենի բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված ժամանակակից խաղահրապարակներով, զրուցարաններով եւ նստարաններով կահավորված ու գիշերային լուսավորությամբ ապահովված մի շարք բակեր:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բակերի բարեկարգման ծրագրերի շրջանակում Դավթաշենի Կաղնուտ թաղամասի այգու բարեկարգման աշխատանքներին զուգահեռ կառուցվել է նաեւ ֆուտբոլի փոքր խաղադաշտ, որն ունի երկրպագուների համար նախատեսված տրիբունաներ: Խաղադաշտի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետը չմերժելով ֆուտբոլասեր փոքրիկների խնդրանքը, ի հիշատակ հանդիսավոր օրվա, իր ստորագրությունն է դրել ֆուտբոլային գնդակի վրա եւ մաղթել, որ նրանք մշտապես հաղթանակներ ունենան:
Բակի բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի, մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի դրական փոփոխությունների համար: Քաղաքապետն էլ` ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ մայրաքաղաքի գեղեցկացմանն ու հարմարավետությանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնած ծրագրերը լինելու են շարունակական.
«Բնակիչների հետ մշտական հանդիպումների եւ անմիջական շփումների ընթացքում լսելով ու կարեւորելով նրանց առաջարկները մենք դրանք վերածում ենք աշխատանքային ծրագրերի, ինչի արդյունքում էլ Երեւանն օրեցօր առավել հարմարավետ է դառնում բնակիչների համար: Մեր համաքաղաքացիներին վերադարձնելով իրենց բակային տարածքները մենք այսօր իրականություն ենք դարձնում հարմարավետ բակեր ունենալու բոլորիս երազանքը»,- շեշտել է քաղաքապետը:
Հատկանշական է, որ Երեւանի նկատմամբ սրտացավ ու հոգատար լինելու քաղաքապետի հորդորին օրըստօրե ավելի ու ավելի շատ բնակիչներ են միանում:
Դավթաշենի երրորդ թաղամասի նորաբաց այգին կառուցվել է նախկինում բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում: Նորակառույց բակային տարածքներում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, որպես պարտադիր պայման առանձնակի ուշադրություն է դարձվել նաեւ կանաչ գոտիների ստեղծմանը, ինչի համար տարածքներն ապահովվել են նաեւ ոռոգման նոր համակարգով:
«Հիմնականում բակային տարածքներում մենք շեշտադրումը դնում ենք կանաչ տարածքների ընդլայնման վրա: Եվ մեր նպատակն է բարեկարգ, խնամված, ծաղկապատ սիզամարգերով ու ծառերով հագեցած բակեր ունենալ: Այս առումով Դավթաշեն վարչական շրջանը միշտ էլ առաջատարների թվում է եղել եւ այսօր այդ քայլերը շարունակվում են»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Դավթաշենի չորրորդ թաղամասի 22 շենքի նորաբաց բակում խաղացող բազմաթիվ ժպտադեմ փոքրիկների աշխուժությունն արդեն ապացուցում էր, որ կառուցված նոր խաղահրապարկն այլեւս սիրված ու հանգստի հարմարավետ գոտի է դարձել:
Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաեւ բակերի բարեկարգման ընթացիկ աշխատանքներին:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:
Բնակիչների հետ անմիջական շփումների ժամանակ Երեւանի քաղաքապետը մեկ անգամ եւս հորդորել է պահպանել կատարված աշխատանքն ու լինել ավելի ակտիվ եւ մասնակցել մայրաքաղաքի բարեկարգմանն ու կանաչապատմանն ուղղված քաղաքապետարանի բոլոր նախաձեռնություններին:




























