23-ամյա Էդգար Դավթյանը ամուսնացած Լ.Մ-ին (անունը փոխված է) հաղորդագրություն է  ուղարկել  հետաքրքրվելով, թե «Լիլ, ո՞ր դեպքում կդավաճանես ամուսնուդ», սակայն հաղորդագրությանը ծանոթացել է նաեւ Լիլիթի ամուսինը: Արդյունքում ծեծկռտուք է առաջացել: Ներկայումս սույն գործը քննվում է Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական Դեպարտամենտի պաշտոնական կայքէջից:

Էդգար Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լիլ, ո՞ր դեպքում կդավաճանես ամուսնուդ» բովանդակությամբ հաղորդագրություն ուղարկելու շուրջ տեղի ունեցած վեճի առիթով նախ՝ թիվ 2 հիվանդանոցի բակում պարզաբանումներ կատարելու ժամանակ Լիլիթի ամուսնու` Կարեն Մինասյանի մոտ  վերջինիս կնոջ վարքագծի վերաբերյալ վատ արտահայտություններ է արել, ապա սկսել են վիճաբանել, որի ընթացքում շուրջ 10 րոպե տեւողությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ թիվ 2 կլինիկական հիվանդանոցի պահակակետի բնականոն աշխատանքը: Իսկ այնուհետեւ նշված հիվանդանոցի հարակից այգում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով շրջապատի՝ հավաքված 10-15 անցորդների նկատմամբ, Կարեն Մինասյանի եւ Արթուր Պողոսյանի հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով վերջիններիս հարվածներ հասցնելով, ինչի հետեւանքով Արթուր Պողոսյանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով՝ քթի ոսկրերի կոտրվածքի ձեւով, իսկ Կարեն Մինասյանի առողջությանը՝ թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք՝ վերին շրթունքի կարմիր երիզի ներսային մակերեսի սալջարդ վերքի ձեւով:

Այսօր` օգոստոսի 28-ին նշանակված հերթական դատական նիստը հետաձգվել է դատավորի` Գագիկ Պողոսյանի հոր մահվան հանգամանքով:

Հ.Գ տուժողների անուն ազգանունները փոխված ենք ներկայացրել: