Տավուշի մարզում օգոստոսի 25-ին իրենց տան ձեռնահարկում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 21-ամյա Սարգիս Իսկանդարյանը նոր էր վերադարձել բանակից եւ պատրաստվում էր աշխատելու նպատակով մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գանձաքար գյուղի գյուղապետ Շահեն Շահինյանը: Նրա խոսքով, առայժմ բոլորի համար հանելուկ է, թե ինչը նրան կարող էր դրդել ինքնասպանության: Գյուղապետը, սակայն քիչ հավանական համարեց գումարի, սիրո հողի եւ բանկի հետ կապված ինքնասպանության դիմելու տարբերակները:
«Սարգիսը նոր էր եկել բանակից, ընտանիքը սոցիալապես ապահով էր: Մայրը մանկապարտեզում դաստիարակչուհի է, հայրը գազի գրասենյակում է աշխատում, քույրն էլ դաշնամուրի ուսուցչուհի է: Մեկ եղբայր էլ ունի: Սարգիսն էլ աշխատելու նպատակով պատրաստվել էր գնալ Ռուսաստան: Դեռեւս նրա ինքնասպանության պատճառը շարունակում է հանելուկ մնալ: Ես նրա հոր հետ էլ եմ խոսել` իրենք եւս չեն հասկանում, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառ հանդիսանալ»,- մանրամասնեց գյուղապետը եւ ավելացրեց, որ Սարգիսը ինքնասպանությունից առաջ ընտանիքի անդամներին որեւէ ակնարկ չի արել, ոչ էլ նամակ է թողել:


























