Ավանդական խորովածի համահայկական 4-րդ փառատոնը տեղի կունենա  սեպտեմբերի 8-ին Ախթալայում:Այս մասին այսօր` օգոստոսի 29–ին Ավանդական խորովածի համահայկական 4-րդ փառատոնին նվիրված ասուլիսին ասաց «Հայ խոհրարական ավանդույթների զարգացում եւ պահպանում»  ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Սեդրակ Մամուլյանը, խոսելով փառատոնի նպատակների մասին ասաց, որ մենք ազգային, ավանդական ուտեստների լուսաբանման, տարածման խնդիր ունենք: Իսկ փառատոնը լուսաբանվում է նաեւ միջազգային լրատվամիջոցներով: Այն իր հերթին նպաստում է նաեւ զբոսաշրջության զարգացմանը: Սեդրակ Մամուլյանի փոխանցմամբ, խորովածի փառատոնի թերի կողմը այն է, որ չունի կանոնադրություն, ինչը դժվարացնում է այլ երկրներից մասնակցության հարցը: Փառատոնին մասնակցելու են 13 համախոհ ռեստորաններ, ինչպես նաեւ անհատ մասնակիցներ: Խորովածի փառատոնը ունենալու է 3 անվանակարգ` լավագույն համ ու հոտ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում: Լինելու են նաեւ այլ անվանակարգեր եւ բացարձակ հաղթողի անվանակարգ: Մրցանակները լինելու են գավաթների եւ պատվոգրերի տեսքով, իսկ ժյուրիի կազմում լինելու են մասնագետներ:

«Արենի փառատոն» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն էլ ասաց, որ խորովածը լինելու է վճարովի, բայց ոչ լրագրողների համար: Ավելին` խորովածի վաճառքը նաեւ խաղարկային է լինելու եւ խորոված գնող քաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին հաճելի մրցանակներ են սպասվում: Ի դեպ, խորովածի փառատոնը կանցկացվի գեղեցիկ շոու ծրագրով: Բանախոսները ընդգծեցին, որ փառատոնը հովանավորում են Էկոնոմիկայի նախարարությունը, քաղաքապետարանը եւ մարզպետարանը: