Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ երեկ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ:

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուները նախարարին ներկայացրեցին մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը։ Մանրամասն տեղեկացրեցին  վճարովի ծառայություններից եւ համավճարից  գոյացող ֆինանսական  հոսքերի, Ծննդօգնության պետական ծրագրերի գործընթացի, ինչպես  նաեւ առկա խնդիրների մասին։

Նախարար Դումանյանը շեշտեց, որ համակարգում առկա խնդիրները համատեղ ջանքերով պիտի լուծվեն։

«Նախարարությունում հետեւողական աշխատանք է տարվում ողջ համակարգի համար գործունեության հստակ կանոններ սահմանելու եւ դրանցով առաջնորդվելու գործընթացը մշտական հսկողության տակ պահելու ուղղությամբ։ Արդեն որոշակի քայլեր արվել են, որոնց մասին տեղեկացնում եմ նաեւ մարզեր կատարած այցերի ընթացքում։ Այդ համատեքստում վերջերս հաստատվեցին վիրաբուժական միջամտությունների վճարումների ստորին եւ վերին շեմերը։ Իմ հրամանով ամրագրվել է նաեւ իրականացված բժշկական ծառայության դիմաց վճարված գումարից աշխատավարձի ֆոնդին փոխանցվող տոկոսադրույքը։ Նման եւս մի շարք մեխանիզմներով մենք գործունեության  հստակ կանոններ ենք սահմանում, եւ բոլորին պարտավորեցնելու ենք աշխատել օրենսդրական այդ դաշտում»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Նա պատրաստակամություն հայտնեց առողջապահության պատասխանատուների հետ առանձին-առանձին քննարկել  իրենց մարզերում ազգաբնակչության թվին համապատասխան, կառավարելի եւ արդյունավետ աշխատող բուժինմնարկներ ունենալու տեսակետները։ Միաժամանակ հորդորեց առավել ակտիվ գործունեություն ծավալել առկա կառուցվածքային, կադրային եւ այլ խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ յուրաքանչյուր ամիս նախարարության մասնագետների հետ վերլուծել մարզերում գործող բոլոր բուժհիմնարկների ֆինանսական հոսքերի հաշվետվությունները։ Մանավանդ, որ որոշ մարզերում վճարովի ծառայությունների անկում է արձանագրվում։

Նախարարը տեղեկացրեց, որ մարզերի ֆինանսավորման բարելավման ուղղությամբ տարվող միջոցառումները շարունակվում են։ Շուտով ծննդօգնության եւ երեխայի պետական հավաստագրերը մարզային կտրվածքով կտեղայնացվեն։ Դրան զուգահեռ ուղեգրման հստակ չափորոշիչներ են մշակվում։

Նա մարզային առողջապահության պատասխանատուներին հորդորեց արագ արձագանքել ազգաբնակչության դիմում-բողոքներին, ինչպես նաեւ ոլորտին առնչվող լրատվամիջոցներում տեղ գտած  հրապարակումներին։

Ծննդատներում անհարկի վճարովի ծառայությունների բացառման խնդիրը նախարարը նույն խստությամբ դրեց նաեւ մարզային բուժհիմնարկների առջեւ։

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի