Հետախուզման մեջ գտնվող Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին դեռ չի հայտնաբերվել եւ որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության Շիրակի վարչության պետ Կարեն Բաբակեխյանը:

Նրա խոսքով, Սպարտակ Ղուկասյանը Հայաստանում չէ եւ գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով  նա ներգրավված է որպես մեղադրյալ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ ու 235 հոդվածի առաջին մասերով (Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը): Հիշեցնենք, որ Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով երեկ ձերբակալվել է կասկածյալ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվտանգությունն ապահովող անձանցից մեկը՝ Հարություն Համբարյանը: Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 24-ին: Ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, վիճաբանություն էին հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաեւ կրակոցներ էին հնչել: