Ախթալայում կրքերը չեն հանդարտվում: Երեկ` օգոստոսի 30-ին քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի վրա կատարած հարձակումից հետո հիմա էլ նրա կողմնակիցներն են հարձակվել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի տան վրա: Ծեծի են ենթարկվել նրա մայրը` Նինա Չիթչյանը, հայրը` Բենիկ Չիթչյանը, տատը` Բավական Չիթչյանը եւ քույրը` Անուշ Չիթչյանը: Նրանք չորսն էլ երեկ տեղափոխվել են քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Արսեն Չիթչյանը փախուստի է դիմել:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանն ասաց, որ գործով դեռեւս ձերբակալվածներ չկան, կան միայն ոստիկանություն բերման ենթարկվածներ, իսկ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության պետ Արսեն Չիթչյանը՝ Բոդոլ մականունով, դեռ չի հայտնաբերվել: Հարցին, թե Խաչիկյանների տան վրա տեղի ունեցած հարձակումից հետո ովքեր են մտել «Բոդոլենց» տուն, Շուշանյանը պատասխանեց. «Մի քանի հոգի են եղել, նրանց մեջ է եղել նաեւ Խաչիկյանների փոքր եղբայրը»: Թաթուլ Շուշանյանի փոխանցմամբ` իրենց մոտ հաղորդում է ստացվել, որ մի խումբ մարդիկ, որոնց մեջ է եղել նաեւ Խաչիկյան եղբայրներից ամենափոքրը, ներխուժել են Արսեն Չիթչյանի բնակարան, ծեծի ենթարկել ծնողներին ու քրոջը, այնուհետ տակնուվրա արել բնակարանն ու հեռացել, տուժածներին տրվել է դատաբժշկի ուղեգիր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, մեկնաբանելով այս տեղեկությունը, նախ նշեց, որ ինքը չգիտի, թե որ եղբայրը արած կլինի: «Ես նման բան չգիտեմ, եթե նույնիսկ եղբայրս արել է, ուրեմն աֆեկտի ազդեցության տակ է արել»,- նշեց Խաչիկյանը:
Ի դեպ, Ախթալայում լուրեր են շրջանառվում, որ ամեն ինչ սկսել է նրանից, որ թե Խաչիկյան եղբայրները քարոզարշավի շրջանակներում մտել են մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանից տուժած տղաների տուն ու ստիպել, որ ձայն տան գործող քաղաքապետին, հակառակ դեպքում սպառնալով տեսանյութերը հրապարակել համացանցում: «Նման բան չկա, մենք ոչ մեկի տուն չենք մտել ու ոչ մի բան էլ չենք ասել, մենք մեր քարոզարշավը պետք է շաբաթ օրվանից սկսեին»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Վազգեն Խաչիկյանը, իսկ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, լսելով, որ իրեն լրագրող է զանգահարել, ընդհանրապես անջատեց հեռախոսը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 30-ի երեկոյան, նախնական տվյալներով 3 անձինք կոտրել են Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հայրական տան դուռը, եւ սկսել ավիրածություններ կատարել։ Խաչիկյանների հարեւանները թղթակցին ասել են, որ հարձակումն իրականացնողների մեջ է եղել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության պետ, Բոդոլ մականունով Արսեն Չիթչյանը։ Հարձակվողները նաեւ վնասել էին Ախթալայի քաղաքապետի մեքենան:
NEWS.am-ի Լոռիի թղթակիցը գտնվում է Ախթալա քաղաքում եւ հետեւում է գործողությունների ընթացքին: Մանրամասները՝ առաջիկայում:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի


























