ՀՀԿ Կանանց խորհրդում լուրջ իրարանցում է սկսվել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո կանանց ՀՀԿ-ական ակտիվը որեւէ կերպ չի կարողանում համախմբվել ու «ազգօգուտ» գործեր իրականացնել, քանի որ Կանանց խորհրդի աշխատանքները` հատկապես համայքներում, հիշեցնում է «Կարապի, խեցգետնի ու գայլաձուկի» պատմությունը:

Մյուս կարեւոր խնդիրը, որը նոր պառակտում է գցել կանանց խորհրդի մեջ, այն է, որ ոչ բոլորն են կարողանում կատարել այդ խորհրդում «ամրագրված» ամենապրիմիտիվ պահանջները, թեկուզ կուսակցական մանր գործերը, ինչն էլ, ըստ էության, այս օրերին նոր խռովության տեղիք է տվել: Իսկ որ ամենաաշագրավն է` ՀՀԿ Կանանց խորհրդի ամենակարող նախագահ Հերմինե Նաղդալյանը չի կարողանում մի շարք համայնքների կանանց իրենց «տեղը նստացնել», քանի որ երեւի նրանք այնքան են մեծացել, որ էլ Հերմինեի բռի մեջ չեն կարողանում տեղավորվել:

Հավելենք, որ շատ հաճախ համայնքներում գործունեություն իրականացնող ՀՀԿ-ական կանանցից մեծ դժգոհություն ունեն նաեւ տեղի օրենսդիրներն ու տեղական իշխանիկները, որոնք ամեն կերպ փորձում են ՀՀԿ Կանանց խորհրդում եւս «մաքրազարդումներ» կատարել: Խոսքը հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտնի, ժամանակին Հերմինեի «աջ ձեռք» Ռուզաննա Ազիզյանի մասին է, որի հետ վատ հարաբերություններ ունեն եւ´ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը, եւ´ թե համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանը: Ի դեպ, վերոնշյալ համայնքում մեզ պատմեցին նաեւ ընտրական գործընթացներին Ազիզյանի ունեցած հետաքրքիր մասնակցության մասին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: