«Առավոտ» թերթն այսօրվա խմբագրականում գրել է.

«Ինչպես հայտնի է, երբ 2000 թվականին Պուտինը եկավ իշխանության, նրա առաջին քայլերից մեկն էր վերականգնել խորհրդային օրհներգի երաժշտությունը, իսկ բառերը Սերգեյ Միխալկովը փոխեց երկրորդ անգամ` 77-ին Ստալինին փոխարինել էր Լենինով, իսկ 2000-ին Լենինին փոխարինեց Աստծով (ի դեպ, օրհներգի բառերի ստալինյան տարբերակը նա գրել էր Էլ Ռեգիստան կեղծանունը կրող բանաստեղծի համահեղինակությամբ, որի իսկական անուն-ագգանունը Գաբրիել Ուռեբլյան է): Պուտինի համար խորհրդային հիմնը վերականգնելը, իհարկե, խորհրդանշական քայլ էր, որը հուշում էր, թե ինչպիսի ուղղությամբ է երկիրը գնալու հետագա տարիներին: Կոմունիստական այդ խորհրդանիշի վերականգնման դեմ դուրս եկան ժողովրդավարական հայացքներ ունեցող ոուսաստանցիները, որոնք իրավացիորեն գտնում էին, որ բոլոր ձեւափոխումներից հետո անգամ այդ օրհներգից «ստալինյան հոտ է գալիս»: Բայց այն սպառնալիքը, որը նրանք հնչեցնում էին, պարզապես անհեթեթ էր` մենք չենք կանգնելու, երբ այդ օրհներգը հնչի: Իրականում դուրդ գալիս է այդ օրհներգը,թե ոչ, տհաճ հիշողություններ է այն առաջացնում, թե հաճելի, քաղաքակիրթ է այդ պետությունը, թե հետամնաց, դու, չհարգելով պետական խորհրդանիշը, չեն հարգում ոչ մի պետություն, հետեւաբար`քո սեփական պետությունը, հետեւաբար նաեւ` ինքդ քեզ:

Հունգարիայի իշխանությունները ստոր, աններելի արարք են իրենց թույլ տվել` դա անելով «փողի դիմա՞ց», թե՞ ձրի, տվյալ դեպքում կարեւոր չէ: Նրանց արդարացումները, թե ադրբեջանցիներն իրենց «քցել են», իհարկե` մաքուր դերասանություն են: Եվ ի՞նչ: Այրել այդ երկրի դրո՞շը: Իհարկե՛ ոչ, եւ այդ հարցում ՀՀ նախագահը իրավացի է: Վաղը Հունգարիայում կլինի ուրիշ իշխանություն, որը կունենա այլ մոտեցումներ՝ պետական խորհրդանիշն այդ ամենի հետ կապ չունի:

Թուրքական իշխանությունները սարսափելի ոճրագործություններ են գործել մեր ժողովրդի դեմ, եւ նրանց այսօրվա հետնորդներն իրենց ուսերի վրա են վերցրել այդ բոլոր հանցագործությունները` ժխտելով դրանք: Բայց ամեն տարի ապրիլի 23-ին թուրքական դրոշն այրելը մեզ ոչինչ չի տալիս…

Դրոշ վառելն ինձ թվում է հուսահատ քայլ, որը բնորոշ է թույլերին` մարդկանց խմբին, որն այլ ձեւով չի կարողանում իր ճշմարտությունն ապացուցել տվյալ պետությանը: Նախնադարյան ժամանակաշրջանում ծիսակատարության, կախարդանքի նման մի բան է»,- գրում է «Առավոտը»: