Հայաստանի կառավարությունը նախապատրաստել է մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագիծ, որն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության սեպտեմբերի 6-ի նիստում, եւ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

Օրենսդրական այս փոփոխությամբ վերջ կտրվի մաքսային սահմանին մաքսային արժեքի որոշման հետ կապված անորոշություններին, որոնցից մշտապես բողոքում են հայ գործարարները: Ինչ որ առումով` օրենսդրական այս նախաձեռնությունը կարելի է մաքսային հեղափոխություն անվանել: Խոսք է գնում մաքսային օրենսգրքի 82-րդ եւ 87-րդ հոդվածների մասին: Հիշեցնենք` այս հոդվածներով հստակ չէ, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել, որպեսզի մաքսային մարմինը մաքսային արժեք հաշվարկելիս հիմք ընդունի գործարքի գինը: Արդյունքում` մաքսային մարմինները հաշվի չեն առնում ներմուծողների ներկայացրած հաշիվ-ապրանքագրերը (ինվոյսները), եւ կիրառում են կողմնորոշիչ գներ: Իրենց հերթին` այդ կողմնորոշիչ գները շատ սուբյեկտիվ են, չունեն հաշվարկի հստակ մեթոդոլոգիա, ու նույնիսկ չեն էլ հրապարակվում:

Կառավարությունն առաջարկում է հետեւյալը. եթե ինվոյսը պատշաճ լրացված է, ապա պետք է հիմք ընդունվի մաքսային մարմինների կողմից, ու այլեւս այլ փաստաթղթեր չպետք է պահանջվեն:

Պատահական չէ, որ ՊԵԿ-ը ներկայացրել է առաջարկներ` ցանկանալով կրկին բարդեցնել գործարքի գնով մաքսային արժեքի որոշման ընթացակարգը: Այսպես` ՊԵԿ-ի պաշտոնական առաջարկներում նշված է, որ ՊԵԿ-ը ինվոյսներում նշված տեղեկությունները հաստատելու նպատակով իրավասու պետք է լինի պահանջել այլ փաստաթղթեր` ապրանքի գնման պայմանագրի պատճենը, կամ վճարման վերաբերյալ փաստաթղթերը: Սակայն ֆինանսների նախարարության կողմից սույն առաջարկները մերժվել են` Առեւտրի համաշխարհային կազմակերպության դրույթներին չհամապտասախնելու պատճառաբանությամբ: