Սյունիքի մարզում նոր սկանդալային իրավիճակ է հասունանում։ Այդ մասին գրում է  «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

 «Բայց այս անգամ առանցքում ոչ թե ՏԻՄ ընտրություններն են, այլ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի նոր բիզնես մտահղացումը, որն ըստ էության ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին ծանր կացության մեջ է գցել։ Ըստ «ՉԻ»-ին հասած լուրերի, Սյունյաց մարզպետը օրեր առաջ Վ. Հակոբյանին եւ նրա հորը՝ Մաքսիմ Հակոբյանին պատկանող պղնձամոլիբդենային գործարանին է վաճառել 102 մլն դրամ արժողությամբ այն սարքը, որի համար ամիսներ առաջ գործարար Սիլվա Համբարձումյանը մեծ աղմուկ բարձրացրեց՝ ասելով, որ այդ սարքը իրեն պատկանող գործարանից առեւանգել է մարզպետ Խաչատրյանը՝ դրա դիմաց ոչինչ չվճարելով։

Իսկ թե ինչո՞ւ է պատգամավոր Վ. Հակոբյանը գնել «անիծված» սարքը եւ թե ի վերջո ո՞վ է տալու Համբարձումյանին «գցած» փողերը, «ՉԻ»-ն այս հարցով դիմեց Սյունյաց մարզպետ Ս. Խաչատրյանին, որն էլ գերադասեց չպատասխանել այդ հարցին, փոխարենը անջատեց հեռախոսը՝ ասելով. «հետո, հետո կխոսամ»։

Պատգամավոր Վահե Հակոբյանն էլ ոչնչով չզիջեց մարզպետ Խաչատրյանին՝ իր կողմից պահպանելով քար լռությունն ու հեռախոս չվերցնելու հայկական ավանդույթը։ Թեեւ մեր ունեցած տեղեկություններով, պատգամավոր Հակոբյանին, երբ գործից տեղյակ մարդիկ հարցրել են, թե ի՞նչ է անելու ինքն այդ սարքի ու դրա հետ կապված պատմությունների հետ, վերջինս ասել է, թե ինքը «սպրավչնի չի, որ սաղի հարցերին պատասխանի»»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: