Երեւանի բնապահպանական վիճակը բարվոք չէ, եւ դա գաղտնիք չէ ոչ մեկի համար: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսում ասաց քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը, նշելով, որ  պետք է ձեռնարկել համապատասխան միջոցներ իրավիճակը շտկելու համար

Նրա խոսքով,  անցկացված ուսումնասիրությունների  արդյունքում 2006-2007թթ. հրապարակվել են բնապահպանական իրավիճակի գնահատականները, որոնք հուսադրող չեն: Քաղաքի բնակչության շրջանում անցկացված  հարցումների արդյունքում,  բնապահպանական վիճակը բավարար են գնահատել 5,4%-ը, ոչ բավարար` 57%-ը , աղետալի` 33,2%-ը, դժվարացել են պատասխանել 5,4%-ը: «Այն ժամանակվա Երեւանի պատկերը պահպանվել է մինրեւ օրս: Երեւանի պետական համալսարանի իրականացրած վերջին ուսումնասիրությունները  ցույց են տալիս,որ վերջին 20 տարում ակտիվ քաղաքաշինության պայմաններում  մայրաքաղաքում կորցրել ենք կանաչ տարածքների շուրջ 70%-ը: Քաղաքների ամենախոցելի տեղը կենտրոնն է: Այստեղ են հավաքվում աղտոտվածությունները, այստեղ է տրանսպորտի ամենամեծ հոսքը, օդի  ջերմաստիճանը այստեղ ավելի բարձր  է: Վերջին տարիներին կատարվել է լրիվ հակառակը:  Կենտրոնը կանաչապատելու փոխարեն, այստեղ ծավալվել է բուռն քաղաքաշինություն` ծառի փոխարեն շենք ենք կառուցել»,- ասաց բնապահպանը:

Կ. Դանիելյանը նաեւ նշեց, որ այս տվյալները բազմիցս ներկայացվել են եւ Երեւանի քաղաքապետարան, եւ կառավարություն, եւ Ազգային ժողով: Արդյունքում ստեղծվել է քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանության հանձնաժողով ,որի խնդիրն է, համակարգելով իր գործողությունները քազաքապետարանի ու բնապահպանության նախարարության հետ,  հասնել որոշակի արդյունքի:

Լրագրողների այն հարցին, թե որքանով արդյունավետ կլինի այդ համագործակցությունը  եւ ինչ արդյունքներ կտա` Կ. Դանիելյանը ասաց, որ իրենք կփորձեն հետեւողական լինել ու թույլ չտալ ապօրինություններ: Նրա գնահատմամբ. հանձնաժողովում  ընդգրկված  են բանիմաց մասնագետներ եւ մարդիկ, որոնք նախկինում  զբաղվել են բնապահպանական խնդիրներով: «Բնապահպանության նախարարությունն ու քաղաքապետարանը պետք է վերջ դնեն փոխադարձ մեղադրանքներին: Դանակը հասել է ոսկորին: Քաղաքը մի խումբ մարդկանց շահերին չպետք է ծառայի: Այն արդեն կորցրել է իր պատմամշակութային դեմքը: Մեր խնդիրն է գոնե կասեցնել այս գործրնթացը եւ լինել առավել հետեւողական: Հուսով եմ , որ գոնե այս անգամ մեր ջանքերը կտան սպասված արդյունք»,- ավարտեց իր խոսքր բնապահպանը: