Կարինեին (անունը փոխված է) ամուսնացրել են 21 տարեկան հասակում`առանց կարծիքը հաշվի առնելու: Արդյունքում ամուսնությունից օրեր անց հասկացել է, որ հայտնվել է դժոխքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Կարինեն:

«Ունեմ մեկ աղջիկ: Տղաս մահացել է ծննդաբերելուց հետո, քանի որ հղիության ընթացքում ամուսինս հաճախ էր ծեծում ինձ: Իսկ երկրորդ ծննդաբերությունից հետո, երբ աղջիկս արդեն մեկ տարեկան էր, ամուսինս ու տագրս նրան ստիպում էին ծխել, ինչն էլ իր հետեւանքներն ունեցավ երեխայի առողջության վրա»,- մանրամասնեց Կարինեն: 

Չդիմանալով դժոխային կյանքին` Կարինեն պատմում է, որ վերցրել է երեխային եւ հեռացել ամուսնուց: Իսկ ամուսինը անգամ չի փորձել վերադարձնել Կարինեին, չի հետաքրքրվել աղջկա ճակատագրով, փոխարենը նորից ամուսնացել է ու նոր ընտանիք ստեղծել:

Հայտնվելով անելանելի իրավիճակում Կարինեն դիմել է Կանանց իրավունքների կենտրոնի ու ստացել հոգեբանական եւ իրավական աջակցություն: Որոշ ժամանակ անց նա կարողացել է դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ դառնալ ինքնուրույն:

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28: