NEWS,am-ի հարցերին պատասխանում է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը.

Պարոն Մեհրաբյան, մի քանի օր առաջ Մոսկվայում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են այդ հանդիպման արդյունքները եւ ի՞նչ զարգացումների կարելի է սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Կարծում եմ՝ այս ֆորմալ առումով հերթական հանդիպումն այնքան էլ հերթական չէր: Որովհետեւ տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք թույլ են տալիս հենց այդպես մտածել: Մասնավորապես, հանդիպմանը նախորդող՝ երեք համանախագահ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունն էր, եւ մադրիդյան սկզբունքների հրապարակումը (ընդ որում, սկզբից կասկածների ձեւով, իսկ հետո հաստատվեց, որ հրապարակվածը ամբողջությամբ չի, այլ արդեն իսկ համաձայնեցված կետերն են): Որից հետո էլ մենք հասկացանք թե Բրայզայի, թե Մերզլյակովի խոսքերից, որ տեղի է ունեցել շատ կոնկրետ խոսակցություն այն թեմաների մասին, որոնք մինչ այդ նման կերպ չեն արծարծվել: Ես կարծում եմ՝ կարող ենք արձանագրել, որ մի քանի, այսպես ասած, անդառնալիության կետեր անցել են, այսինքն՝ անցել ենք այն սահմանը, որից անհնարին է հետ դառնալը: Հաջորդը, կոնսենսուսի մակարդակը երեք պետությունների ղեկավարների կողմից էապես բարձրացավ, դրան զուգահեռ բանակցությունների գլխավոր կողմերի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի սուբյեկտայնությունը կտրուկ ընկավ: Նաեւ խոսակցության տեւողությունը բավական երկար էր: Ես, համենայն դեպս, չեմ հիշում նման երկար հանդիպում, ինչը թույլ է տալիս կարծելու, որ շատ կարեւոր խոսակցություն է եղել, եւ այն իր շարունակություն է ունենալու աշնանը, եւ որոշ հարցեր պետք է համաձայնեցվեն:

Ինչպե՞ս եք գնահատում Մադրիդյան սկզբունքների հրապարակված 6 կետերը:

Մադրիդյան սկզբունքներն ուրվագծում են այն կոնտեքստը, որով պետք է իր լուծումը գտնի ղարաբաղյան հակամարտությունն ապագայում, եւ ուրվագծեցին, որ լուծումը լինելու է քաղաքական, փուլային եւ խաղաղ: Այն, ինչ ունենք մեր աչքի առաջ, այն, ինչ համաձայնեցված է, բնականաբար, չի ներառում ասպեկտների ամբողջ համալիրը, քանի որ կոնֆլիկտն ինքնին շատ բարդ է, եւ, բացի այդ, թերի են նաեւ այդ կետերը: Դրանք, անշուշտ, կհամալրվեն, եւ ապագայում կտեսնենք, 7-րդ, 8-րդ, 10-րդ կետեր: Հետո այս 6 կետերն էլ ավելի կընդլայնվեն: Այս կետերը հստակ չեն պարզ չեն, որովհետեւ այս վեց կետով կարելի է անել ամեն ինչ: Կարելի է դե-ֆակտո անկախ պետությունը դարձնել դե-յուրե անկախ, այսինքն՝ դարձնել 2-րդ Կոսովո: Կարելի է նաեւ այդ նույն վեց կետերով Ղարաբաղը հայաթափել եւ վերածել սերբական Կրաինայի: Եթե այդ վեց կետերը անփոփոխ վիճակում դնենք գործողության մեջ, այս պահին բերելու է անկանխատեսելի հետեւանքների, ընդ որում՝ երկուստեք անկանխատեսելի, թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար: Եւ այդ նյարդայնությունը, որ այսօր նկատվում է երկու երկրներում եւ Ղարաբաղում, լիովին հասկանալի է:

Մադրիդյան սկզբունքներից ո՞րն է ամենամտահոգիչը Հայաստանի համար;

Իհարկե, առաջինն ու երրորդը: Առաջինը, որ Հայաստանը հանձնում է Ադրբեջանի հսկողության տակ Լեռնային Ղարաբաղը շրջապատող բոլոր տարածքները, եւ հաջորդը, դրա դիմաց բացվում է միջանցք: Ներողություն, այդ միջանցքն այսպես, թե այնպես բաց է: Ի՞նչն է բացվում. պարզ չէ: Ո՞վ է վերահսկում այդ միջանցքը. պարզ չէ: Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի հսկողություն: Շատ վտանգավոր սցենարներ են, որ կարելի է մոդելավորել այս կետերով: Նույնիսկ մակերեսային հայացքով կարելի է ասել, որ շատ վտանգավոր են այդ սկզբունքները:

Տպավորություն է, թե որոշ մարդիկ խանդավառված են Մադրիդյան սկզբունքների հրապարակումից, մինչդեռ ադրբեջանցի քաղաքագետները բավական կոշտ ընդունեցին սկզբունքների հրապարակումը:

Նախեւառաջ, ես լուրջ չեմ ընդունում ոչ այդ հորթային հրճվանքը, որը հիմքեր չունի, եւ այդ խանդավառվողներն էլ ներքուստ այդքան չեն խանդավառվում, որքան ցույց են տալիս: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, այնտեղ ավելի շուտ ներիշխանական ինչ-որ հաշիվներ եմ տեսնում, քան առարկայական բանավեճ: Սկզբունքներն ինքնին հստակ չեն, կոնկրետ չեն: Սա մի սիլուետի, ամպի պես մի բան է, որը դեռ լրամշակման մեծ ճանապարհ պետք է անցնի: Ես պրոիշխանական ճամբարի խանդավառությունն ու Ադրբեջանում ծայր առաջ վայնասունը չէի դնի նույն հարթության վրա:

Ադրբեջանում գնալով խորանում է ռազմական ճանապարհով հարցը լուծելու հռետորաբանությունը: Ըստ Ձեզ, որքա՞ն է պատերազմը վերսկսելու հավանականությունը:

Ես կուզենայի հստակ տարանջատել պատերազմի վտանգը պատերազմական հռետորաբանությունից; Որովհետեւ պատերազմական հռետորաբանությունն Ադրբեջանի քաղաքական կարեւորագույն լծակներից մեկն է, եւ ավելի շատ ուղղված է համանախագահներին, տարածաշրջանային այն խաղացողներին, որոնց ձեռք չի տալիս պատերազմի վերսկսումը: Ադրբեջանը դրանով փորձում է խթանել պրոցեսը: Դա նաեւ լծակ է Ադրբեջանի վարած էներգետիկ առեւտրում: Ես այսօր պատերազմի վերսկսման ռեալ վտանգ չեմ տեսնում: Որովհետեւ իմ համար պատերազմի ելքերն անորոշ են պատերազմ ուզողների տեսակետից: Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է տասնյակ հազարավոր զոհերի՝ նույնիսկ իր համար ամենաերանելի նպատակին հասնելու համար: Ադրբեջանին ավելի հետաքրքիր են նավթադոլարները, քան զոհերը մի հողի համար, որտեղ ինքը չկա շուրջ քսան տարի: Ադրբեջանը զոհողությունների պատրաստ չէ, եւ այդ պատերազմը վերսկսելու դեպքում կնմանվի քաջարի զինվոր Շվեյկի պատերազմին:

Զրուցեց Արտակ Եղիազարյանը