Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի 32 LO 521 համարանիշի ավտոմեքենան, Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին, Սպիտակի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ կողաշրջվել ձորակը:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, մեքենան վարել է Երեւան քաղաքի բնակիչ, 54-ամյա Գագիկ Ղահրամանյանը: Վթարի հետեւանքով Ապարանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 13-ամյա Նարինե Մարտոյանը, 51-ամյա Սուրեն Օհանյանը եւ ՌԴ քաղաքացիներ՝ 12-ամյա Եկատերինա Օհանյանն ու 43-ամյա Արթուր Օհանյանը:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:


























