NEWS.am-ը  ներկայացնում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի հոդվածը` հրապարակված «Asbarez»-ում:

Երբ մոտ 20 տարի առաջ փլուզվեց Խորհրդային Միությունը, տասնամյակներ շարունակ դանդաղ հասունացող ազգային եւ տարածաշրջանային հակամարտությունները հանկարծ կրկին ի հայտ եկան։

 Կովկասում կենտրոնացած պայքարի օջախները տարիներ շարունակ մերթ հանդարտվում էին, մերթ բռնկվում, իսկ որոշ հակամարտություններ այդպես էլ մնացին չլուծված, քանի որ ամերիկացի եւ եվրոպացի քաղաքական գործիչները զբաղված էին Միջին Արեւելքի եւ Հարավային Ասիայի ճգնաժամերով, ինչպես նաեւ տնտեսական ներքին խնդիրներով:

Այդ բախումներից ամենաթեժը, որը կրկին բռնկվելու հավանականություն ունի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի միջեւ հակամարտությունն էր՝ բացառապես հայկական տարածքի, որը 1923թ. Խորհրդային իշխանության կողմից ընդգրկվել էր Ադրբեջանի կազմում, չնայած Հայաստանի հետ բազմադարյա մշակութային, լեզվական եւ կրոնական ընդհանրությանը։

1988-ին, երբ Միխայիլ Գորբաչովի օրոք Խորհրդային կենտրոնացված կառավարումն սկսեց թուլանալ, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը վերսկսեց Ադրբեջանից անկախանալու վաղեմի պայքարը, որը տեւեց մոտ 6 տարի եւ որի ընթացքում երկու կողմից էլ հազարավոր զոհեր եղան եւ հազարավոր մարդիկ հեռացան իրենց տներից. հրադադարը կնքվեց 1994թ. մայիսին։

Հետպատերազմյան տարիները հեշտ չեն. շփման գծում ադրբեջանցի դիպուկահարների հարձակումները եւ Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների բազմաթիվ սպառնալիքները, ներառյալ՝ քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու սպառնալիքը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շահագործի Ստեփանակերտի օդանավակայանը։  Բացի այդ, Արցախի ժողովուրդն ամեն օր բախվում է շուրջ 100 հազար  ականների սպառնալիքին, որոնք տեղադրվել են 1990-ականների մարտերի ընթացքում եւ որոնց մի մասը դեռեւս չեն վնասազերծվել։

1992թ.-ից սկսած ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը գլխավորեցին միջազգային միջնորդական ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով: Չնայած բազմաթիվ ջանքերին, 2012թ. գործընթացը դադարեցվեց:

Երկու երկրների միջեւ  իրավիճակը սրվեց Ադրբեջանի բանակի սպա Ռամիլ Սաֆարովին ազատելուց հետո, որը 2004թ.  քնած ժամանակ կացնահարել էր հայոց բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին եւ Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել ցմահ բանտարկության:

Օգոստոսի 31-ին Սաֆարովն ուղարկվեց Ադրբեջան՝ պատժի մնացած ժամկետն այնտեղ կրելու համար, սակայն այնտեղ որպես հերոս ընդունվեց եւ վարդերի փնջով շրջեց Բաքվի փողոցներում։ Նախագահ Իլհամ Ալիեւն անմիջապես ներում շնորհեց մարդասպանին՝ տալով մայորի կոչում, բնակարան եւ 8 տարվա աշխատավարձը։

Սաֆարովի հանդիսավոր ընդունելությունը Բաքվում ժամանակակից Ադրբեջանի հայատյացության ապացույցն է:

Քնած մարդուն գրեթե գլխատելը որպես հերոսություն ընկալելն անբացատրելի եւ անընդունելի է, այն  հաստատում է բազմաթիվ հայերի մտավախությունը, որ Արցախի ազատ ժողովրդի՝ ադրբեջանական ինքնավարության կազմ մտնելը կհանգեցնի արյունահեղության։

 Ես արդեն վաղուց  աջակցում եմ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը, եւ կարծում եմ, որ եթե ԱՄՆ-ը եւ Մինսկի խմբի գործընկերները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ուղղությամբ  Արցախի ժողովրդի կամքն արտացոլող  ջանքեր չձեռնարկեն, մարտական գործողությունների վերսկսման հեռանկարը եւ դրա սարսափելի հետեւանքները կաճեն։ Այս հարցի կարգավորումը բոլորի շահերից է բխում, սա  2013 թ. դիվանագիտական առաջնահերթությունը պետք է լինի։

Պատերազմի տարիներն ու տնտեսական մեկուսացումը Լեռնային Ղարաբաղը թողեցին թույլ զարգացած վիճակում, ուստի ամերիկահայ համայնքի աջակցությամբ պնդում եմ, որպեսզի ԱՄՆ-ն մեծացնի Արցախին տրամադրվող օգնության չափը։

Սակայն ուժեղ, անկախ Արցախի կառուցումը դեռ ամբողջը չէ: Ադրբեջանին պետք է հիշեցնել, որ իր գործողությունների գինը բարձր էր: Հարկավոր է դադարեցնել Վաշինգթոնի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը եւ դրանով ցույց տալ, որ Սաֆարովի ներումն անընդունելի էր եւ որ ԱՄՆ-ն չի հանդուրժի  Հայաստանի կամ Արցախի դեմ որեւէ ագրեսիա։

Անթույլատրելի է, որ Արցախի ժողովուրդը՝ մեծամասնությամբ հայեր եւ քրիստոնյաներ, հայտնվի Ալիեւի ձեռքում։ Մարդասպանին փառաբանելով՝ նա եւ իր ժողովուրդը ցույց տվեցին իրենց իրական էությունը եւ համոզիչ փաստարկներ տվեցին Արցախի անկախության ճանաչումն արագացնելու համար: