ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Երեւան քաղաքի բնակիչ Աշոտ Ոսկանյանից դիմում-բողոք է ստացել այն մասին, որ «Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունը անհիմն պատճառաբանությամբ զրկել է իրեն էլեկտրաէներգիայի մատակարարումից: Բնակիչը դիմել է «ՀԷՑ»-ին՝ խնդրելով իր հետ կնքել մատակարարման պայմանագիր:  Ընկերությունը պատասխան գրությունում նշել է, որ բնակիչը տեւական ժամանակ օգտվել է մեկ այլ քաղաքացու անվամբ գրանցված բաժանորդային քարտից, որի պարտքը կազմում է 645 հազար դրամ, եւ միայն այդ պարտքը մարելուց հետո նրա հետ կկնքվի պայմանագիր:

Բնակչի փաստաբանը դիմել է ՏՄՊՊՀ-ին՝ «ՀԷՑ»-ին գերիշխող դիրքի չարաշահման համար պատասխանատվության ենթարկելու նպատակով, ինչի հետ կապված հարուցվել է վարույթ: Վարույթի շրջանակներում ընկերությունը Հանձնաժողովին տեղեկացրել է, որ, իբր բնակիչը ժամանակին չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը, ինչի հետեւանքով էլ նրա հետ չի կնքվել պայմանագիր: Պարզվել է, որ բնակիչը «ՀԷՑ»-ի հանդեպ չունի որեւէ պարտավորություն եւ էլեկտրամատակարարում ստանալու համար պատշաճ կերպով դիմում է ներկայացրել՝ կցելով նաեւ անհրաժեշտ փաստաթղթերը: Սակայն «ՀԷՑ»-ը պահանջել է ներկայացնել նաեւ տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթուղթ, ինչի պարտադիր չէր:

ՏՄՊՊՀ վարույթի ընթացքում վերոնշյալ խնդիրը լուծվել է՝ ընկերության եւ բնակչի միջև կնքվել է պայմանագիր եւ վերջինը հնարավորություն է ստացել սպառել էլեկտրաէներգիա:  ՏՄՊՊՀ դիտարկմամբ, ընկերությունը անհիմն կերպով է մերժել բնակչի դիմումը, ինչի հետեւանքով վերջինը տեւական ժամանակ հնարավորություն չի ունեցել օգտվել «ՀԷՑ»-ի ծառայություններից: Սակայն ՏՄՊՊՀ-ն զերծ մնաց «ՀԷՑ»-ի նկատմամբ տուգանք նշանակելուց՝ հաշվի առնելով, որ վարույթի ընթացքում հարցը կարգավորվել է: