30-ամյա Սիլվայի ամուսինը խանդի հողի վրա դաժանաբար ծեծել, ապա փորձել է խեղդամահ անել նրան, սակայն հրաշքով Սիլվային հաջողվել է փախչել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Սիլվան (անունը փոխված է-խմբ.):
Մինչ մանրամասներին անցնելը Սլիվան պատմեց, որ շատ փոքր է, եղել, երբ ծնողները ամուսնալուծվել են: «Կարելի է ասել, որ դեռ վաղ մանկուց ճաշակել եմ ճակատագրի դաժան հարվածները: Ամուսնացել եմ սիրելով, սակայն մեր համատեղ կյանքի ընթացքում այդ սերը ամուսնուս դաժանության արդյունքում սպանվեց: Մի քանի անգամ փորձել եմ հեռանալ, սակայն հայրական տանը չէի կարող մնալ, քանի որ ամուսինս սպառնում էր, որ կվնասի հարազատներիս եւ կեղծ խոստումներով հետ էր տանում ինձ: Ամուսնության ընթացքում ունեցել եմ երկու երեխա»,- պատմեց Սիլվան:
Պարբերական ծեծ ու ջարդից հետո ամուսնինը սկսել է Սիլվային անհիմն սպառնալ, որ կսպանի նրան դավաճանության համար:«Բայց մի օր է սկսեց դաժանաբար ծեծել ինձ, նույնիսկ, խանդի հողի վրա խեղդամահ անել: Հրաշքով փրկվեցի եւ փախա հայրական տուն»,- պատմեց Սիլվան: Հարազատների օգնությամբ Սիլվան այցելել է Կանանց իրավունքների կենտրոն` օգնություն ստանալու ակնկալիքով եւ ստացել հոգեբանական ու իրավաբանական օգնություն: Այժմ իրավաբանների օգնությամբ դիմել է դատարան ամուսնալուծության եւ ալիմենտային պահանջով ցանկանալով կյանք սկսել առանց բռնության:
Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:


























