Իրական IP (real, public IP) հասցեների քանակն արդեն վերջանում է աշխարհում։ Այս մասին NEWS.am-Ինովացիա-ի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց «Armenian Datacom company» ընկերության ցանցային մենեջեր Տիգրան Աֆրիկյանը՝ ավելացնելով, որ IP հասցեները բաշխող ICANN ընկերությունն արդեն հայտարարել է, որ IPv4 ինտերնետային հասցեները կսպառվեն մոտ 2012 թվականին։ «Հարցն ըստ էության լուծված է. IPv4-ին փոխարինելու է IPv6-ը, որի քանակությունը գործնականում երբեք չի կարող սպառվել, IPv6-ի տիրույթում 2-ի 128-րդ աստիճանի ինտերնետային հասցե, այսինքն՝ այժմ երկրագնդի յուրաքանչյուր բնակչին կարող է մի քանի հարյուր միլիոն IP տրվել։ Բայց աշխարհում դեռ շատ քչերն են անցել այս նոր IP հասցեների օգտագործմանը»,- նշեց մասնագետը՝ ավելացնելով, որ Հայաստանում եւս շարունակում են օգտագործել IPv4 հասցեն։
Ըստ նրա՝ նոր տեսակի հասցեների օգտագործումը հնարավորություն կտա ավելի բարձրացնելու տեղեկատվական անվտանգության մակարդակը, քանի որ ինտերնետին միացած յուրաքանչյուր համակարգիչ իրական հասցե կունենա։ Տ.Աֆրիկյանի խոսքով՝ այժմ համակարգիչներին տրվում են իրական եւ մասնավոր (private IP) հասցեներ։ Իրական IP-ով համակարգիչը միանում է գլոբալ ցանցին, մասնավոր IP-ները այն համակարգիչների համար են, որոնք ներքին ցանցով միացած են միմյանց, միեւնույն ժամանակ կարող են ինտերնետին միանալ այն համակարգչի միջոցով, որը գլոբալ ցանցի հետ կապված է իրական IP-ով։ Ցանցային մասնագետը նշեց, թե ցանկալի կլինի, որ ինտերնետ օգտագործող յուրաքանչյուր համակարգիչը իրական IP հասցե ունենա, որպեսզի հնարավոր չարաշահումների կամ կիբեռ հանագործությունների դեպքում, անմիջապես պարզ դառնա հանցագործության աշխարհագրությունը, բայց գործնականում, նույնիսկ «ինտերնետի հայրենիք» Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր համակարգչին չեն տրամադրում իրական IP հասցե, քանի որ իրական IP-ների քանակը պարզապես չի բավարարի շուկայի պահանջարկին։ «Երբ ինտերնետը ստեղծվեց, ոչ ոք չէր մտածում որ այն այս աստիճանի տարածում կունենա եւ IP-ների սակավության հարց կառաջանա, բացի դրանից համակարգիչները շատ ավելի են քան IPv4 հասցեները»,- ասաց Տ. Աֆրիկյանը՝ ավելացնելով, որ այժմ արդեն IP ինտերնետային հասցեներ բաշխող ICANN ընկերությունը IPv4 սահմանափակ քանակության պատճառով, ժլատությամբ է հասցեներ տրամադրում ինտերնետ օպերատորներին։ Ըստ Տ. Աֆրիկյանի՝ այլ երկրներում տեղեկատվական անվտանգության հարցերը փորձում են այլ կերպ լուծել։ Ուշադրության տակ են պահում ինտերնետային ակումբները, քանի որ կիբեր հանցագործությունները հիմանականում կատարվում են ակումբներից։
«Արտասահմանում ինտերնետ ակումբների հաճախորդներից անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում, եւ նշում են, թե որ ժամերին են հաճախորդները օգտվել սպասարկումից»,- ասաց նա՝ նշելով, որ դա բավականին արդյունավետ միջոց է, եւ տեղեկատվական անվտանգության մակարդակը Հայաստանում բարձրացնելու համար կարող են սկսել կիրառել նաեւ այդ մեթոդը։




























