«Մինսկի խումբը հասկացել է, որ առաջընթացի միակ ճանապարհն այն է, որ Ղարաբաղը ներկա լինի բանակցությունների սենյակում»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում անդրադառնալով այն տեղեկատվությանը, ըստ որի, ԼՂ բանակցություններում համաձայնեցված պրեամբուլայում կա ղարաբաղյան կողմին բանակցությունների մասնակից դարձնելու անհրաժեշտության մասին դրույթ, կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն ուղղակի այլ ընտրություն չի ունեցել, քան համաձայնվել դրա հետ:
«Երբ մենք նայում ենք Ադրբեջանի դիվանագիտությանը, տեսնում ենք, որ այն դատարկ դիվանագիտություն է: Ադրբեջանը սպառնալիքների չեմպիոն է, սակայն ամեն անգամ երբ նրանք ավելի ու ավելի բարձրաձայն են սպառնում պատերազմով, այնքան ավելի բարձր է դառնում դրան արձագանքող ծիծաղը»,- ասաց նա ու հավելեց. «Պրեամբուլան դա ընդամենը նամակի բացումն է, որն այդքան կարեւոր չէ: Պատճառը, որ Ադրբեջանում համաձայնել են դրան, այն է, որ ցանկացել են ցույց տալ, թե ինչ-որ բանի, այնուամենայնիվ, համաձայն են: Իսկ Սոչիում միակ պրակտիկ համաձայնությունն այն է եղել, որ որոշել են թե՞յ խմել, թե՞ սուրճ, կամ ինչպիսի՞ աթոռների նստեն, իսկ մյուս կարեւոր բանը եղել է սահնակ քշելը: Մնացած հարցերում ոչնչի չեն հասել»:



























