«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ, նշելով, որ «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը պետք է դադարեցնել Հայաստանում, «քանի որ այդ գործունեությունը հակապետական է»:
Նա օրինակ է բերել Թուրքիային, որտեղ դադարեցվել է քրդական կուսակցության գործունեությունը եւ նշել. «Եթե Եվրոպան դրան ծափ է տալիս, ապա ինչո՞ւ Հայաստանը չի կարող դադարեցնել ոչ ազգային փոքրամասնության կուսակցության՝ „Ժառանգության“ գործունեությունը, որն ուղղակի հակապետական է։ Այն Հայաստանի հետ պատերազմական կամ համարյա պատերազմական վիճակում գտնվող Թուրքիայի և Ադրբեջանի շահերին նպաստող բացահայտ և անսքող գործունեություն է ծավալում: Դա նույնն է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային Միության մեջ գտնվեր մի քաղաքական ուժ, որը գնար Հիտլերի հետ համագործակցելու, որպեսզի Խորհրդային Միությունում Ստալինի փոխեն դեմոկրատիա ստեղծեր։ Բնականաբար, նման հակազգային, հակապետական գործունեությունը իրավական դաշտում պետք է ունենա իր արձանագանքը, ինչը լրիվ բնորոշ է ժողովրդավարական պետություններին»։
Հատկանշական է, որ նման մտքեր արտահայտող քաղաքական գործիչն իր համեմատություններում հենվում է բռնապետական կամ ավտորիտար երկրների օրինակների վրա: Հ. Բաբուխանյանը նաեւ կարծիք է հայտնել, որ Հայաստանը պետք է դադարեցնի իր մասնակցությունը ԵԽԽՎ-ի աշխատանքներին, քանի որ այնտեղ խախտվում են մարդու իրավունքներն ու պետությունների ինքնիշխանությունը։




























