Բոտուլիզմից լիարժեք խուսափելու համար տնային տնտեսուհիները պետք է պահածոները պատրաստեն տարբեր կաթսաներում կամ հրաժարեն տնային պայմաններում պատրաստած բանջարեղենային պահածոներից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Մարգարիտա Բաբայանը:
Ըստ Մարգարիտա Բաբայանի` Հայաստանում մեկ տարվա ընթացքում գրանցվել է բոտուլիզմի 16 դեպք, որոնց հետեւանքով տուժել է 30 մարդ, նրանցից չորսը մահացել են: Բաբայանը հատկապես ընդգծել է, որ տուժածների շարքում եղել են նաեւ երեխաներ: Տանը պատրաստվող պահածոներից ամենավտանգավորներն են սմբուկի խավիարը, կարմիր պղպեղը, մարինացված լոլիկը եւ վարունգը:
«Այսօրվա դրությամբ հանրապետության տարածքում կան մեծ թվով ձեռնարկություններ, որոնք արտադրում են անվտանգ եւ որակյալ պահածոներ, եւ կարելի է օգտվել նրանց արտադրանքից, քանի որ կիրառվում են ավտոկլավներ, որոնք ոչնչացնում են սնկերը 110 - 120 ջերմաստիճանի դեպքում», - ասել է Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:




























