ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ այսօր կազմակերպել էին խորհրդարանական լսումներ` Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում թեմայով: Խորհրդարանական լսումները կազմակերպվել են Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ:
Խորհրդարանական լսումներին թեմատիկ ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովման խնդիրներին:
«Վերջին շրջանում նմանատիպ քննարկումները հաճախակի են դարձել, եւ այդ փաստն ինքնին ուրախալի է, քանի որ համապատասխան քննարկումները, որպես կանոն, բերում են կոնկրետ քայլերի: Հանրակրթության մասին եւ Կրթության մասին ՀՀ օրենքներում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը կարծես նոր զարկ տվեց խոցելի խմբերի երեխաների կրթական իրավունքների պաշտպանությանն ուղղված քննարկումներին: Կրկնակի ուրախալի է, որ Ազգային ժողովում տեղի ունեցած լսումներում բոլոր քաղաքական ուժերը որդեգրեցին նախեւառաջ բովանդակային, մասնագիտական եւ մարդասիրական մոտեցումներ, այլ ոչ երբեք քաղաքական»,-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ օրենքի նոր նախագիծը թույլ է տալիս Հայաստանում իրականացնել հեղափոխական եւ հավակնոտ ծրագիր. «Օրենքները ոչ թե ներկա իրավիճակի լուսաապատճեններ պետք է լինեն, այլ նպատակներ, խնդիրներ, որոնց պետք է հասնել: Մենք դեմ ենք լոկ մեխանիկական ամրագրումներին, քանի որ ցանկացած նոր օրենք պետք է դնի որոշակի նշաձող, որին պետք է փորձել հասնել: Իրականում Հայաստանում երեխայի կրթության իրավունքի հարցում արձանագրվել են լուրջ փոփոխություններ. ներառական կրթության մոդելը ոչ միայն ներքին սպառման, կրթական ծրագրերի ներքին շուկայի համար է հետաքրքիր, այլ այն կարող է նաեւ արտահանվել, քանի որ հայաստանյան փորձը հետաքրքրել է ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների»,-ընդգծել է նախարարը` հավելելով, որ օրենսդրական փաթեթը ենթադրում է նաեւ լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ եւ ֆինանսական մեծ հատկացումներ: «Սակայն այս խնդրում առավել քան կարեւոր է հոգեբանության փոփոխությունը. մենք պետք է չունենանք ոչ մի բարոյական սահմանափակում, կաղապարներ` հաշմանդամ երեխաների կողքին առողջ երեխաներ տեսնելու հարցում: Ցավոք, հոգեբանական նման կարծրատիպեր դեռեւս գոյություն ունեն, որոնք կոտրելու համար անհրաժեշտ է վերաբերմունք, հստակ ուղղորդված մտածելակերպային փոփոխություն: Երբ բոլորս հասկանանք, որ երեխաների միջեւ խտրականություններ չկան, որ յուրաքանչյուր երեխա Հայաստանում պետք է ապահովվի իրեն համապատասխան կրթական ծառայություններով, այդ դեպքում միայն ունակ կլինենք լավատեսական եւ արդյունավետ ծրագրեր իրականացնել: Խոցելի խմբի երեխաներին ներառելու խնդիրը ոչ այնքան կրթական, որքան երեխաների ապագայի արժանապատվության խնդիր է, որովհետեւ հասարակությունից մերժված երեխան ամոթն է հայ հասարակության, բոլոր այն մարդկանց, ովքեր պատասխանատու են նրանց համար լավ պայմաններ ստեղծելու համար: Մենք պարտավոր ենք լուծել երեխաների արժանապատվության եւ սոցիալիզացիայի խնդիրները»,-իր ելույթն ամփոփել է նախարար Արմեն Աշոտյանը` շնորհակալություն հայտնելով նաեւ հասարակական կազմակերպություներին. առանց վերջիններիս աջակցության, ըստ նախարարի, բազմաթիվ հաջողություններ չէին արձանագրվի:




























