Պաղեստինի  նախագահ Մահմուդ Աբասը (Աբու Մազեն) մասնակցել է Բեթղեհեմի Քրիստոսի ծննդի  եկեղեցու սուրբծննդյան պատարագին: Պատարագը մատուցել է  Երուսաղեմի լատինական պատրիարք Ֆուադ Թուալը: 

Պատարագի ընթացքում Ֆուադ Թուալը խաղաղության կոչ է արել: Ըստ նրա` միայն արդարությունը եւ խաղաղությունը Սուրբ  երկրում կարող են երաշխավորել  կայունությունը տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս: Նա դիմել է քաղաքական գործիչներին եւ բարի կամք ունեցողներին` խնդրելով աշխատել հանուն իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղ համաձայնության կնքման: 

Թուալը հիշատակել է  վերջին հակաահաբեկչական գործողությունը Գազայի հատվածում եւ հայտարարել, որ աղոթում է բոլոր արաբական եւ հրեական ընտանիքների համար, որոնք տուժել էին ռազմական այդ գործողությունների ընթացքում: Պատրիարքը նաեւ կոչ է արել աղոթել հանուն Սիրիայում արյունահեղության դադարեցման, հանուն Եգիպտոսի, Սուդանի, Հորդանանի, Լիբանանի եւ Իրաքի բարօրության:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մահմուդ Աբասը պատարագից առաջ հայտարարել էր, թե վճռական է տրամադրված  իսրայելական կողմի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման հարցում: Նա ընդգծել էր, որ բանակցությունների վերսկսումը հնարավոր է  ավաններում շինարարության դադարից հետո, նշելով, որ դա նախնական պայման չէ, այլ պարտականությունները կատարելու պահանջ:  

Մահմուդ Աբբասը նաեւ նշել է, որ Արեւելյան Երուսաղեմը կլինի Պաղեստինի պետության մայրաքաղաքը եւ բաց կմնա բոլոր կրոնների հետեւորդների համար: