Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով հայտնի է Թուրքիայում այսպես ասած «խորքային պետության» դեմ պայքարում լուրջ հաջողություններով, հայտնել է, թե հնարավոր չէ ասել, թե «խորքային պետությունը» լրիվ մաքրել եւ վերացրել ենք։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թունիսի վարչապետ Համմադի ալ-Ջիբալի հետ տված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է իր աշխատասենյակում օրեր առաջ հայտնաբերված գաղտնալսող սարքի հետ կապված հարցին։
«Ես չեմ կարող պնդել, թե ամբողջովին մաքրել եւ վերացրել ենք «խորքային պետությանը»։ Ես որպես քաղաքական գործիչ չեմ հավատում, որ աշխարհում որեւէ երկիր իր երկրի «խորքային պետությանը» կարող է հիմնովին վերացնել։ Այն վիրուսի պես է եւ հարմար պահ գտնելուն պես ի հայտ է գալիս՝ փորձելով անել իր ուզածը»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ Թուրքիայում «խորքային պետության» դերը մինչ վերջերս մեծ նշանակություն է ունեցել։ Ենթադրվում է, որ «Էրգենեկոն», «Մեծ մուրճ» եւ այլ նախագծերը «խորքային պետության» մի մասն են։ Ենթադրաբար «խորքային պետության» կազմում գտնվում են զինվորականներ, դատական եւ պետական այլ համակարգերի աշխատակիցներ։





























