Լեռնային Ղարաբաղը ավելի մոտ է եվրոպական չափանիշներին, քան տարածաշրջանի մյուս երկրները: Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսում նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ ԼՂՀ-ում բարձր մակարդակի, եվրոպական չափանիշներին ամբողջությամբ համապատասխանող ընտրությունների անցկացումը խոսում է հենց այդ մասին: «Ոչ մի նավթադոլարներ չեն կարող փոխել իրերի դրությունը»,-նկատեց քաղաքագետը:
Մեկնաբանելով Բաքվից հնչող դժգոհությունը՝ Ստեփանակերտի օդանավակայանի բացման առնչությամբ, Կիրակոսյանը նման վարքը պարզապես ծիծաղելի համարեց:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման է հանձնվել, սակայն թռիչքներ դեռեւս չեն իրականացվում: Օդանավակայանի աշխատանքները վերսկսելու հեռանկարը հիստերիկ արձագանք է գտնում Ադրբեջանում: Այնտեղից պարբերաբար սպառնալիքներ են հնչում, թե կհարվածեն կամ հարկադիր վայրեէջքի կտանեն Ստեփանակերտ թռչող օդանավերը: Նման սպառնալիքներն ուղղակի հակասության մեջ են քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ միջազգային օրենսդրության հետ:





























